Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Դա միանգամայն անթույլատրելի և անընդունելի է ռուսական կողմի համար. Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը, և այս մասին բազմիցս ասվել է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ նախագահ Պուտինի կողմից», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա այսպես է պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը, որն առաջարկել էր ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել Ուկրաինա։
«Մենք ճանաչում ենք Բորիս Ջոնսոնին, գիտենք նրա ապակառուցողական դերի մասին։ Դա այն մարդն է, որը 2022 թ. խոչընդոտեց պատերազմի դադարեցմանը (խմբ.՝ Ուկրաինայում), և, մեղմ ասած, շարունակում է պահպանել իր բոլորովին ոչ խաղաղասեր տրամադրվածությունը», - հայտարարել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանում գիտեն, որ «թե՛ եվրոպական մայրաքաղաքներից, թե Բրյուսելից, ցավոք սրտի, բազմիցս խոսքեր են հնչել (խմբ.՝ Ուկրաինայի տարածքում) զորակազմեր տեղակայելու պլանների մասին»։
«Կրկին կարող եմ ասել՝ դա միանգամայն անընդունելի է», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։