Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված
3 րոպեի ընթերցում

Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը
Նա հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ռուսական բանակը նոյեմբերի 2-ին մի շարք օդային ռմբակոծություններ է իրականացրել Կամիշևախայի ուղղությամբ։ Ավիառումբերի հարվածի տակ է հայտնվել նախկին դպրոցի շենքը, որտեղ գործում է ապաստարան, և որտեղ երկուշաբթի օրերին բաժանվում է մարդասիրական օգնություն։ Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։
Կամիշևախայում զոհվածների հիշատակին նոյեմբերի 3-ը, 4-ը և 5-ը Զապորոժիեի մարզում հայտարարվել են սգո օրեր։
Կողմերի միջև հարվածները շարունակվում են։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ նոյեմբերի 4-ի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են 310 հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից խոցվել կամ ճնշվել է 272-ը։ Զինվորականները հայտնել են, որ հարվածներ են գրանցվել 19 վայրերում, իսկ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են 15 վայրերում։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է։
Տերնոպոլի և Ռովնոյի մարզերում թիրախավորվել են էներգետիկ օբյեկտները։ Դնեպրում գիշերը ավիահարված է հասցվել գործարանի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ վիրավորվել է։
Ուկրաինական կողմն էլ հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին։ Օզոն ընկերությունը հայտնել է, որ Ադիգեյսկի շուկայի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ընկերությունը հայտնել է, որ զոհեր չկան, աշխատակիցները տարհանվել են։ Հոկտեմբերի վերջին Օզոնը հայտնել էր, որ իր օբյեկտների վրա Ուկրաինայի հարձակումները հանգեցրել են 30,1 միլիարդ ռուբլու վնասի։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի մարզերի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 709 անօդաչու թռչող սարք։