Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին
2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ ռազմաօդային ուժերը նոյեմբերի 12-ին մայրաքաղաք Ռիադի տարածքում անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսնակը նշել է X-ի գրառման մեջ։
Ալ-Մալիքին տեղեկացրել է նաև Արևելյան շրջանում անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։ Նա հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է երկու բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել էին հութիների կողմից Արևմտյան շրջանի ուղղությամբ։
Ալ-Մալիքին նաև նշել է, որ նոյեմբերի 11-ին երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցված երկու բալիստիկ հրթիռի բեկորներն ընկել են Մեքքայի շրջանում։
Հութիները բազմիցս հերքել են Սաուդյան Արաբիայի մեղադրանքները Մեքքա և Մեդինա սուրբ քաղաքները թիրախավորելու մասին՝ պնդելով, որ իրենց ռազմական գործողություններն ուղղված են Սաուդյան Արաբիայի այլ հատվածներում գտնվող ռազմական և ռազմավարական թիրախների դեմ։
Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը հայտնել է, որ նոյեմբերի 12-ին Սաադա նահանգի Շադա շրջանում սաուդական ուժերի հարվածներից մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ի գրառման մեջ նշել է, որ հութիները կարողացել են մի շարք բալիստիկ հրթիռներով թիրախավորել ալ-Բուրայկա շրջանում գտնվող սաուդական ուժերի հրամանատարական և օպերատիվ շտաբը, որը կառավարում և վերահսկում է սաուդյան զորախմբերը Լահջ, ադ-Դալի, Թաիզ և այլ նահանգների ճակատներում։
Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռներն 93 ավիահարված են հասցրել Լահջ, Թաիզ, ալ-Ջաուֆ, Հաջջա, Մարիբ և Զամար նահանգներում գտնվող քաղաքացիական տարածքներին, որոնց հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել։