Միացյալ Նահանգներ

Հրապարակվել է ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը

2 րոպեի ընթերցում

Հրապարակվել է ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումից հետո Կրեմլը հրապարակել է համատեղ հռչակագրի տեքստը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հռչակագրի առաջին կետում նշվում է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն «հայտնել են ՄԱԿ-ի բարեփոխմանն իրենց հանձնառության մասին, որպեսզի կազմակերպությունը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման իր հիմնարար առաքելությանը»։

Երկրորդ կետում նշվում է, որ երեք երկրները մտադիր են մեծացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ «ի շահ բոլոր երկրների»։

Հռչակագրի երրորդ կետում երեք երկրների առաջնորդներն ընդգծել են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն։

«Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները», - ասվում է փաստաթղթում։

Հռչակագրի չորրորդ կետում նշվում է. «Երեք երկրների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ»։

Հանդիպման մեկնարկին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ էր արել արգելել և վերացնել միջուկային զենքը, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։

Համատեղ հայտարարության մեջ Ուկրաինայի հարցը չի ներառվել:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում