Սի Ծինփինը, Թրամփը և Պուտինը ելույթ են ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովին
5 րոպեի ընթերցում

Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի նիստին ելութ են ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախատեսվող եռակողմ հանդիպումից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թրամփն իր ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական աճի և կայունության, ինքնիշխանության, բարգավաճման ու խաղաղության խթանման ուղղությամբ։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հարյուրավոր տարիներ եղել է խաղաղօվկիանոսյան տերություն։ Թրամփը նաև ասել է, որ անհամբերությամբ սպասում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
ԱՄՆ նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև արհեստական բանականությանն ու դրա կարգավորմանը։ Նա արհեստական բանականությունն անվանել է «գերբանականություն» (Super Intelligence)՝ օգտագործելով իր վարչակազմի կողմից առաջ մղվող նոր անվանումը։
«Սա գերբանականություն է, բայց մենք պետք է հետևենք դրան։ Պետք է զգույշ լինենք,- ասել է նա։ - Այն գրեթե ամբողջությամբ լավ է, սակայն ունի որոշ վատ տարրեր, և մենք պետք է շատ զգույշ լինենք այդ վատ տարրերը կառավարելու հարցում»։
«Հետևաբար, մենք դեմ ենք ցանկացած տեսակի խիստ կարգավորման կամ այնպիսի միջոցների, որոնք նպատակ ունեն վերահսկել և սահմանափակել գերբանականությունը, անկեղծ ասած, թույլ չենք տա, որ դա տեղի ունենա» - ասել է Թրամփը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր ելույթում նշել է, որ անհրաժեշտ է պահպանել տարածաշրջանային բաց համագործակցության սկզբունքը, հետևողականորեն զարգացնել տնտեսությունը, վերացնել տնտեսական կապերի խոչընդոտները և նոր հնարավորություններ ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական աճի համար։
Սի Ծինփինի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության արդար և խտրականությունից զերծ միջավայր և առավելագույնս օգտագործել տարբեր տնտեսությունների առավելությունները՝ համագործակցությունը խթանելու համար։ Նա երկրներին կոչ է արել ընդլայնել համագործակցությունը կանաչ զարգացման և ցածր ածխածնային արտանետումների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ոլորտում:
Սի Ծինփինը նաև հայտնել է, որ Չինաստանը 20 միլիոն դոլար կտրամադրի՝ ԱԽՏՀ-ի շրջանակում գործնականա համագործակցությանն աջակցելու համար:
Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի խոշորագույն տնտեսական ֆորումն է, և աջակցություն է հայտնել Չինաստանի նախագահության կարգախոսին՝ կառուցել Ասիա-խաղաղօվկիանոսյան համայնք, որի նպատակն է հասնել համատեղ բարգավաճման։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անբաժանելի մասն է և նշանակալի ներդրում ունի դրա նյութական բարեկեցության ապահովման գործում։ Պուտինը շեշտել է, որ գործընկերները միշտ կարող են հույս դնել Մոսկվայի վրա: Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն առաջ է մղում Մեծ եվրոպական գործընկերության ստեղծման նախաձեռնությունը։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականին Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում՝ որպես 12 անդամից բաղկացած ոչ պաշտոնական երկխոսության հարթակ։
Այն վերածվել է տարածաշրջանի առաջատար տնտեսական ֆորումի, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը տնտեսական աճի, առևտրի և ներդրումների խթանման ուղղությամբ։ Ներկայում կազմակերպության անդամներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 62 տոկոսը և համաշխարհային առևտրի մոտ կեսը։
ԱԽՏՀ-ի ներկայիս անդամներից են Ավստրալիան, Բրունեյը, Կանադան, Չիլին, Չինաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան, Պերուն, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սինգապուրը, Թաիլանդը, ԱՄՆ-ն, Վիետնամը։