«Նա իմ ընկերն է». Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպմանը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա-խաղաղօվկանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թրամփը ձեռքով թեթևակի հարվածել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի թևին, երբ վերջինս մտել է սենյակ, և ասել նրան. «Դուք հիանալի աշխատանք եք կատարում»։
Թրամփը նաև սեղմել է Պուտինի ձեռքը, և մի քանի խոսք փոխանակել նրա հետ։
«Ո՞վ է նա։ Նա իմ ընկերն է»,- ասել է Թրամփը՝ քայլելով դեպի Պուտինը։
Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է Պուտինի հետ նախատեսվող պաշտոնական երկկողմ հանդիպմանը։
«Մենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցել։ Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց, և կարծում եմ՝ այս ամենից շատ հրաշալի բաներ կարող են ստացվել, կամ առնվազն կարող է դրա հիմքը դրվել։ Բայց կարծում եմ՝ դրանք իսկապես կյանքի կկոչվեն», - ասել է Թրամփը՝ դիմելով Պուտինին։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Վլադիմիր Պուտինը անգլերենով շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը։ Այնուհետև ՌԴ նախագահը ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին։ Նրանցից բացի՝ հանդիպմանը ներկա է նաև Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը։
Ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և օտարերկրյա պետությունների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Հաջորդիվ Թրամփը նախատեսում է անցկացնել նախապես ծրագրված երկկողմ բանակցությունները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Երևանի ժամանակով ժամը 10։30-ի սահմաններում նախատեսված է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը։