Իրան

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն կդառնա առավել ընդգրկուն և արդյունավետ։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է Իրանի տեխնոլոգիական ներուժը՝ մասնավորապես առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում երկրի ձեռքբերումները և ընդգծելով այդ ուղղությամբ Իրանի առաջատար դիրքերը համաշխարհային մակարդակում։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ նպաստելով դրա դրական դինամիկայի պահպանմանն ու շարունակականությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, նանոտեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։

Կարևորվել է Հայաստանի և Իրանի տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։

Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այն կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում