ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
5 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության (ԲՏԱԱԲ) նախարարությունում տեղի ունեցավ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։
Հուշագիրը կարևոր հիմք է ստեղծում արդեն ձևավորված գործընկերությունն առավել ամրապնդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքը խորացնելու համար։

Համագործակցությունն ուղղված է թվային գրագիտության և նորարարության խթանմանը, կիբեռանվտանգության կարողությունների զարգացմանն ու ժամանակակից հմտությունների ձևավորմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանն իր ելույթում նշեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում գերատեսչությունն իր գործընկերների հետ աշխատել է մի կարևոր ծրագրի կայացման շուրջ և այսօր հասունացել է համագործակցության և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պահը։

«Այս ծրագրի նպատակն է ապահովել մասսայական կրթություն հատկապես այն բնագավառում, որը կարևոր է մեր դարաշրջանում։ Խոսքը փափուկ հմտությունների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և առհասարակ թվային գրագիտության բնագավառի մասին է։ Այս ճանապարհին հասունացել էր նաև նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահը,։ Դա մեր գործունեությունն ամրապնդող կարևոր կետ է»,- ասաց Թադևոսյանը։
Նա տեղեկացրեց, որ համագործակցության խարիսխը հմտությունների և տեխնոլոգիաների «ՆԵՍԹ» ազգային էկոհամակարգի նախաձեռնությունն է, որի շրջանակում համակողմանի մոտեցման ցուցանիշներն են, քաղաքականությունների և ռազմավարական շրջանակների մշակումը, պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը, զբաղվածության խթանումը և հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը։
Նախարարն առանձնացրեց նաև 2023 թվականից կիրառվող և այժմ արդեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող մասսայական ուսուցման ծրագիրը։
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին այդ ծրագրի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներն, ովքեր անմիջականորեն զբաղվում են ծրագրի իրականացմամբ։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ թվային տեխնոլոգիաները չափազանց կարևոր են և հանդիսանում են մարդկային կապիտալի զարգացման շարժիչ ուժը։

«Բայց դա ինքնըստինքյան տեղի չի ունենում, դրա համար անհրաժեշտ է կարողությունների զարգացում, որի արդյունքում մենք կկարողանանք ապահովել ոչ միայն զարգացում, այլև ներառականություն։ Հենց այս գաղափարի շուրջ է, որ մենք համատեղել ենք մեր ջանքերը ԲՏԱԱԲ նախարարության հետ, քանզի համոզված ենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը կառավարման շրջանակներում, ինչպես նաև հմտությունների զարգացումը, գրագիտության բարձրացումը, հետազոտական կարողությունների զարգացումն ու թվայնացումը հավասարապես կարևոր են նաև կառավարման համակարգում»,- ասաց Նացվլիշվիլին։
Նա հավելեց, որ տվյալ տեսլականի կյանքի կոչման առաջին քայլերն ակնառու են, երբ դիտարկվում է հատկապես Հրազդան քաղաքի հարևանությամբ գտնվող ԱԲ գործարանում իրականացվող աշխատանքը։
«Դա ցույց է տալիս, թե ինչպես կարող է նորարարական կառավարումն ու համագործակցությունն օգնել խոշոր տեխնոլոգիական ներդրումները կոնկրետ արդյունքների փոխարկելուն՝ նպաստելով հնարավորությունների, տեղական բիզնեսների ու հանրային ծառայությունների զարգացմանը։ Չափազանց կարևոր է անել ամեն ինչ, որպեսզի որևէ մեկը դուրս չմնա այս նախաձեռնությունների շրջանակից։ Պետք է նշեմ, որ խոցելի խմբերից մոտ 4000 մարդ արդեն մասնակցել է թվային հմտությունների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման վերապատրաստումներին»,- ասաց Նացվլիշվիլին։
ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղեկացմամբ՝ 2026 թվականի նոյեմբերին նախատեսված է անցկացնել արհեստական բանականությանը նվիրված օրեր։ Նպատակն ամբողջ երկրում ներգրավվածության ու ներառականության ապահովումն է։
Նացվլիշվիլին ընդգծեց, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ երկարաժամկետ գործընկերության հիմք է դրվում, որի շնորհիվ թվային փոխակերպումն ու արհեստական բանականությունը հասանելի կդառնան Հայաստանի բնակչությանը։