Հայաստան

ՍԱՏՄ-ն հերքում է վարակված խոզերի՝ Հայաստան ներմուծման մասին տեղեկությունները

2 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն հերքում է վարակված խոզերի՝ Հայաստան ներմուծման մասին տեղեկությունները

Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն՝ արձագանքելով օրերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվել վարակված խոզերի մեծ խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում՝ վտանգելով թե՛ տեղական արտադրողին, թե՛ սպառողի առողջությունը։

«Դա ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։

Կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք նախապես Տեսչական մարմնի հետ համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների բեռնաթափման վայրը: Լիազոր մարմինը ներմուծող կազմակերպությանը համաձայնություն չի տալիս, եթե բեռնաթափման վայրը չի համապատասխանում սանիտարական նորմերին, հետևաբար կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում։

Ներմուծման գործընթացը, ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը գտնվում են լիազոր մարմնի անմիջական վերահսկողության ներքո, իսկ շուկայում տիրող գնային քաղաքականության համար Տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իր լիազորությունների շրջանակներում, ապահովում է և՛ ներմուծող, և՛ արտադրող տնտեսավարողների բնականոն գործունեությունը՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները»,– նշված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում