Թուրքիա

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

2 րոպեի ընթերցում

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որը ներառում է եռամյա գործողությունների ծրագիր՝ նախատեսելով համագործակցության ընդլայնում առևտրի, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ հայտարարությունը։

Ըստ հայտարարության՝ եռամյա ծրագիրն ընդգրկում է համագործակցության չորս ոլորտ։ Կողմերը մտադիր են աշխատել ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ, ինչպես նաև ընդլայնել առևտուրն ու ներդրումները՝ այդ թվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ավիատիեզերական ոլորտի և արհեստական ​​բանականության բնագավառներում։

Էներգետիկայի ոլորտում երկրները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը հեղուկ բնական գազի, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և վերականգնվող էներգիայի աղբյուրների, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի կայուն արդյունահանման և մատակարարման շղթաների շուրջ։

Պաշտպանության ոլորտում Կանադան և Թուրքիան մտադիր են ամրապնդել իրենց ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև համագործակցությունը՝ ուղղված Եվրաատլանտյան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության ու անվտանգության պահպանմանը, այդ թվում՝ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում։ Կողմերը նաև ողջունել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործընկերության վերաբերյալ հուշագրի ստորագրումը։

Բացի այդ, երկրները պայմանավորվել են անցկացնել ամենամյա ռազմավարական երկխոսություն, ինչպես նաև շարունակել ռազմաքաղաքական խորհրդակցությունները և համագործակցությունը հակաահաբեկչական հարցերի շուրջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում