Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել
2 րոպեի ընթերցում

Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել: Ռուսաստանն Ուկրաինային վերադարձրել է 252 մարմին՝ նշելով, որ դրանք պատկանում են ուկրաինացի զինծառայողների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռազմագերիների հետ վարվելու հարցերով ուկրաինական շտաբը։
Իսկ ուկրաինական կողմը Ռուսաստանին վերադարձրել է 25 աճյուն:
ԲելՏԱ գործակալությունը հաղորդում է, որ աճյունների հերթական փոխանակումը տեղի է ունեցել Բելառուսի «Նովայա Գուտա» սահմանային անցակետում։
Զուգահեռ փոխադարձ հարվածները շարունակվում են: Կիևում բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել: Կրկին թիրախավորվել է Հարավային կամուրջը, որով երթևեկությունն ամբողջովին դադարեցվել է:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ կասետային մարտագլխիկով բալիստիկ հրթիռով թիրախավորվել է մայրաքաղաքի կենտրոնը՝ Կիև-Պեչորյան մայրավանքի և Սուրբ Վվեդենսկի վանքի միջև ընկած տարածքը:
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Խարկովի մարզում հարվածի է ենթարկվել Լազովայա քաղաքը. զոհվել է 2 մարդ, 34-ը՝ վիրավորվել:
Իսկ Ռուսաստանը հայտնել է, որ գիշերը մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է 630 անօդաչու թռչող սարք: Դրանց մեծ մասը ոչնչացվել է Մոսկվայից հեռու, 160-ից ավելին՝ քաղաքին մոտենալիս: Երկու մարդ վիրավորվել է: Եվս մեկ վիրավոր կա Լիպեցկում: Տուլայի և Վորոնեժի մարզերը նույնպես ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման: