Թուրքիա

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին և «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանին, ներառել է անցանկալի անձանց ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը երկիր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Գերատեսչության պարզաբանմամբ՝ որոշման համար հիմք են հանդիսացել սոցիալական ցանցերում և համացանցային տարբեր հարթակներում նշված անձանց տարածած հայտարարությունները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ուղղված են երկրի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ։

Ադրբեջանի ԱԳՆ պնդմամբ՝ խոսքը նաև իշխանության բռնի փոփոխության, կրոնական արմատականության հիմքով բռնության, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման կոչերի մասին է։ Անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել են Թուրքիայի քաղաքական, հասարակական և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ լրագրողներ, բլոգերներ, հրապարակախոսներ, կրոնական գործիչներ և քաղաքական կուսակցությունների անդամներ։

Նրանց թվում են նաև HÜDA PAR կուսակցության փոխնախագահ Յահյա Ուղրաշը, ինչպես նաև լրագրողներ և մեկնաբաններ, որոնք համագործակցում են «Yeni Şafak», «Akit TV», «TV NET» և այլ լրատվամիջոցների հետ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի դեմ ուղղված կոչերի և թշնամանք հրահրող գործունեության առնչությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն նաև հետագայում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում