Թուրքիա

Էրդողանը կրկին կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը

6 րոպեի ընթերցում

Էրդողանը կրկին կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ներկայիս կառուցվածքն ի վիճակի չէ լիարժեք կատարել միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները՝ կրկին հանդես գալով Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացման օգտին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Նյու Յորքի «Թուրքական տանը» լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում իր այցը։

Էրդողանի խոսքով՝ ավելի քան 190 պետությունների կամքը ներկայում սահմանափակվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների վետոյի իրավունքով։

Նա առաջարկել է ուժեղացնել Գլխավոր ասամբլեայի դերը և անցնել այնպիսի համակարգի, որտեղ Անվտանգության խորհրդի անդամները կընտրվեն որոշակի ժամկետով, իսկ վերընտրվել ցանկացող երկրները կրկին պետք է ստանան միջազգային հանրության վստահությունը։

Էրդողանն անդրադարձել է նաև Նյու Յորքում իր հանդիպումներին՝ նշելով, որ բանակցություններ է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ինչպես նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իրաքի, Մեծ Բրիտանիայի, Լիբանանի և Կատարի ղեկավարների հետ։

Նրա խոսքով՝ քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային անկայունության և հակամարտությունների կանխմանն ուղղված քայլերը։

Էրդողանը հանդես է եկել Հորմուզի նեղուցով ազատ նավարկության պահպանման օգտին

Անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակն այլևս միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև խնդիր չէ և անմիջական ազդեցություն ունի համաշխարհային էներգետիկ շուկաների ու առևտրի վրա։

«Մենք դեմ ենք Հորմուզի նեղուցը նավարկության համար փակելուն։ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության պահպանումը պարտադիր պայման է»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ լարվածությունն անմիջականորեն ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի, էներգետիկ շուկաների և տրանսպորտային ոլորտի վրա։

Նա ընդգծել է բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետք է «ոչ թե նոր ճակատներ բացել, այլ դիվանագիտական նոր ուղիներ»։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ակտիվացրել է Սև ծովով հացահատիկային միջանցքի վերականգնմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։

Նրա խոսքով՝ Անկարան կողմերին փոխանցում է, որ անհրաժեշտ է վերականգնել Սև ծովում նավարկության անվտանգությունը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան անընդունելի է համարում առևտրային նավերի դեմ հարձակումները՝ անկախ նրանից, թե որ կողմն է դրանք իրականացնում։

Էրդողանը հայտնել է, որ այդ հարցը կրկին քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և, իր խոսքով, դրական պատասխան է ստացել։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Մեքքայի դաշինքին՝ այն որակելով ճիշտ ուղղությամբ կատարված վճռական քայլ։

Նրա խոսքով՝ շարունակվում են կառույցի ինստիտուցիոնալ ամրապնդման աշխատանքները։ Էրդողանը նշել է, որ նախաձեռնության հիմքում տարածաշրջանի խնդիրներին հենց տարածաշրջանի սեփական հնարավորություններով լուծումներ գտնելու մոտեցումն է։

Գազայի վերաբերյալ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն չի հաստատվի, քանի դեռ չի դադարեցվել արյունահեղությունը, չի հաստատվել մշտական հրադադար և պաղեստինցիներին հնարավորություն չի տրվել արժանապատիվ ապրել իրենց հողում։

Նա ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել խաղաղության ծրագրի իրագործումն ապահովելու համար։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է նաև ստեղծել պատերազմի վերսկսումը կանխող մեխանիզմներ, արագացնել Գազայի վերականգնումը և ապահովել պաղեստինցիների քաղաքական ապագան։

Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայի՝ F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու հարցին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի վերադարձի վերաբերյալ, և Անկարան այժմ ակնկալում է, որ այդ դիրքորոշումը կվերածվի կոնկրետ քայլերի։

Միաժամանակ Էրդողանն ընդգծել է սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու Թուրքիայի նպատակը՝ նշելով KAAN մարտական ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը։ Նա հայտնել է նաև, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է Eurofighter կործանիչների հարցը։

Թուրքիայի նախագահը դրական է գնահատել Իրաքի նոր կառավարության հետ հարաբերությունների զարգացումը։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Սինջարի շրջանում Իրաքի կառավարության վերահսկողության հաստատման, Բաշիքայի, ինչպես նաև «Զարգացման ճանապարհ» նախագծի, առևտրի ավելացման և տարածաշրջանային կայունության հարցերը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան Իրաքի հետ ցանկանում է այսուհետ կենտրոնանալ ոչ թե ահաբեկչության խնդիրների, այլ տնտեսական համագործակցության, կայունության, խաղաղության և բարեկեցության վրա։ Էրդողանը հայտնել է, որ COP31 կլիմայական համաժողովը նոյեմբերի 9-20-ը կանցկացվի Անթալիայում, որտեղ Թուրքիան ակնկալում է ընդունել շուրջ 100 հազար մասնակցի ամբողջ աշխարհից։

Նրա խոսքով՝ COP31-ը ոչ միայն կլիմայական համաժողով է, այլև հարթակ, որտեղ զարգացող երկրները կարող են ներկայացնել իրենց ակնկալիքներն ու քննարկել կոնկրետ արդյունքներ։ Էրդողանը նաև նշել է, որ ֆինանսական դժվարություններ ունեցող երկրներին աջակցելը զարգացած պետությունների պատասխանատվությունն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում