Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթում քննադատել է Թուրքային և այդ համատեքստում հիշատակել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանութան ժխտումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Թուրքիան այլ երկրների, մասնավորապես՝ Կատարի հետ, միացել է «հակասեմական ստերին»։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «բռնակալ», որը սպանում է քրդերին, բանտարկում ընդդիմադիրներին, ժխտում Հայոց ցեղասպանությունը։
«Էրդողանը բռնակալ է, որը նաև ապաստան է տալիս ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչ պարագլուխներին։ Նա հազարավոր քուրդ խաղաղ բնակիչների է սպանել։ Նա հերքում է Հայոց ցեղասպանությունը։ Նա բանտարկում է լրագրողներին և ընդդիմադիր առաջնորդներին։ Ըստ էության, ես կարծում եմ՝ նա համաշխարհային ռեկորդակիր է այս հարցում, թեև մրցակցությունն այստեղ մեծ է։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ նա առաջինն է», - նշել է Նեթանյահուն։
«Նա ապօրինի կերպով օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը՝ ԵՄ անդամ երկիր, և պարբերաբար ոտնձգություններ է կատարում Հունաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ։ Այժմ նա ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել Սիրիան», - հայտարարել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Էրդողանը գրեթե ամեն օր Իսրայելի ոչնչացման կոչեր է հնչեցնում։
Իսրայելի կառավարությունը հունիսի վերջին միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Այդ քայլից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի՝ Իսրայելի խորհրդարանի հաստատմանը։ Սակայն ըստ JNS լրատվական հարթակի՝ Քնեսեթը կասեցրել է այս հարցով քվեարկությունը՝ այն հետաձգելով մինչև հոկտեմբերի 27-ին սպասվող ընտրությունների ավարտը։