Հայաստան

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Հայաստանի վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսանյութերի շարքի առաջին ամբողջական հոլովակը՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։

Տեսաուղերձում Աննա Հակոբյանն ընդգծում է, որ բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ ու անվտանգ ընտանիքի մոդելով։ Այդ ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը, ըստ նրա, ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։

Այս նպատակով Աննա Հակոբյանն արդեն նախաձեռնել է քննարկումներ Հայաստանից և սփյուռքից ներգրավված անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև նախկինում այս ուղղությամբ աշխատած կին պատգամավորների հետ՝ գործող օրենսդրության բացերը, իրավակիրառ խնդիրներն ու առկա մարտահրավերները համակողմանիորեն ուսումնասիրելու համար։

Նախաձեռնության առաջին փուլում նախատեսվում է մշակել ամբողջական և արդյունավետ օրենսդրական կարգավորումներ և դրանք ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։ Աննա Հակոբյանը նախատեսում է աշխատանքներին միանալու առաջարկ անել նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին:

Երկրորդ փուլը նախատեսվում է օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այն ներառելու է հանրային լայն իրազեկման արշավ, իրավասու մարմինների աշխատակիցների վերապատրաստում և ընդունված կարգավորումների արդյունավետ կիրառում։

Զուգահեռաբար հեղինակավոր փորձագետներից կազմված խումբը նախապատրաստում է համազգային հետազոտություն՝ Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ վստահելի և հնարավորինս ամբողջական տվյալներ հավաքագրելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում