Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ոտքերի այտուցը միշտ չէ, որ անվնաս է․ երբ է անհրաժեշտ դիմել բժշկի

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ոտքերի այտուցը միշտ չէ, որ անվնաս է․ երբ է անհրաժեշտ դիմել բժշկի

Շոգ եղանակին նկատվող ոտքերի այտուցները շատերը հաճախ վերագրում են հոգնածությանը կամ երկար կանգնած մնալուն։ Սակայն այս ախտանիշը կարող է վկայել ոչ միայն կենսակերպի առանձնահատկությունների, այլև սրտանոթային, երակային կամ ավշային համակարգի լուրջ խնդիրների մասին։  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում Պուլսմեդ բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, սիրտանոթաբան Անի Աբովյանի հետ քննարկել ենք, թե որո՞նք են այտուցների հիմնական պատճառները, ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի և ինչպե՞ս կարելի է կանխել առաջացած բարդությունը։

Բժշկի խոսքով՝ ոտքերի այտուցների առաջացման պատճառները բազմազան են։ Դրանք կարող են պայմանավորված լինել ավշային շրջանառության խանգարմամբ, երակային հիվանդություններով, սրտային կամ երիկամային խնդիրներով, ինչպես նաև նստակյաց կենսակերպով, ավելորդ քաշով և հոդային հիվանդություններով։ Ըստ մասնագետի՝ շոգ եղանակին այտուցներն առավել հաճախ են արտահայտվում, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է հեղուկի կուտակմանը ստորին վերջույթներում։

Մասնագետի խոսքով՝ այտուցի պատճառը պարզելու համար կարևոր է գնահատել նաև ուղեկցող ախտանիշները՝ շնչահեղձությունը, ճնշման տատանումները, ցավերը և հիվանդի ընդհանուր վիճակը։ Որոշ դեպքերում խնդիրը կարող է պայմանավորված լինել սրտային անբավարարությամբ, մյուս դեպքերում՝ երակային կամ ավշային շրջանառության խանգարմամբ։

Բժիշկն առանձնացրեց նաև լինֆեդեմա հիվանդությունը, որը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի։ Այն հաճախ զարգանում է ուռուցքային հիվանդությունների վիրահատություններից, ճառագայթային կամ քիմիաթերապիայից հետո, երբ վնասվում են ավշային հանգույցները։ Առանց բուժման այն կարող է հանգեցնել վերջույթի զգալի մեծացման, մաշկի բորբոքման, խոցերի և այլ բարդությունների, սակայն ժամանակին սկսված բուժումը հնարավորություն է տալիս վերականգնել վերջույթի չափերը և զգալիորեն բարելավել կյանքի որակը։

Մասնագետի խոսքով՝ այտուցը չպետք է անտեսել, հատկապես եթե այն չի անցնում հանգստից հետո կամ ուղեկցվում է կարմրությամբ, ցավով, շնչահեղձությամբ կամ կրծքավանդակի ցավով։ Այդ դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ խնդիրը կարող է կապված լինել սրտի աշխատանքի խանգարման կամ այլ լուրջ հիվանդության հետ։

«Այտուցների պատճառը պարզելու համար նախ իրականացվում է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն, որը թույլ է տալիս տարբերակել՝ խնդիրը երակային է, թե ավշային։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում են նաև սրտի էխոկարդիոգրաֆիա, էլեկտրասրտագրություն, լաբորատոր և ուլտրաձայնային հետազոտություններ, ինչպես նաև այլ մասնագետների խորհրդատվություն»,-նշեց մասնագետը:

Անի Աբովյանը հորդորեց՝ խուսափել ինքնաբուժությունից, հատկապես՝ միզամուղ դեղերի ինքնուրույն ընդունումից։ Նրա խոսքով՝ դրանք կարող են վտանգավոր լինել՝ առաջացնելով արյան ճնշման կտրուկ անկում, հատկապես շոգ եղանակին։

Բժիշկը խորհուրդ տվեց հետևել քաշին, լինել ֆիզիկապես ակտիվ, սահմանափակել աղի օգտագործումը, երկար նստելու կամ կանգնած աշխատելու դեպքում պարբերաբար շարժվել, իսկ երկար ճանապարհորդությունների ժամանակ կատարել ոտքերի վարժություններ կամ կրել բժշկի կողմից ընտրված կոմպրեսիոն տրիկոտաժ։

Մասնագետն ընդգծեց, որ առողջ ապրելակերպը, կանոնավոր շարժունակությունը և բժշկին ժամանակին դիմելը լավագույն միջոցներն են ոչ միայն այտուցների, այլև սրտանոթային ու երակային բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման համար։

Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում