Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք կյանք. ինչ է պետք իմանալ արյան դոնորության մասին

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք կյանք. ինչ է պետք իմանալ արյան դոնորության մասին

Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով արյան դոնորության կարևորությունն ու դրա անփոխարինելի դերը հազարավոր մարդկանց կյանքերի փրկության գործում։ Թեև այդ օրը տարբեր երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ և միջոցառումներ, մասնագետները հիշեցնում են՝ արյան կարիքը միշտ կա և դոնոր դառնալու անհրաժեշտությունը չի սահմանափակվում միայն մեկ օրով։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  փոդքաստի շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-փոխներարկաբան Արթուր Դաբիկյանի հետ զրուցել ենք արյան դոնորության կարևորության, տարածված միֆերի, դոնոր դառնալու պայմանների և Հայաստանում ոլորտի զարգացման մասին։

Խոսելով արյան դոնորության կարևորության մասին՝ մասնագետը նշեց, որ արյունը բժշկության մեջ անփոխարինելի ռեսուրս է. «Արյունը միակ կենսաբանական բաղադրիչն է, որը մինչ օրս հնարավոր չի եղել ստանալ արհեստական ճանապարհով։ Այդ պատճառով անհրաժեշտ է մշտապես ունենալ արյան դոնորներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել արյան կարիք ունեցող հիվանդների բուժումը»,- ասաց նա։

Արթուր Դաբիկյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին արյան կամավոր և անվարձահատույց դոնորության մշակույթը զգալի առաջընթաց է գրանցել։ Նրա խոսքով, եթե մի քանի տարի առաջ կամավոր դոնորները կազմում էին ընդամենը 2-3 տոկոս, ապա այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 15 տոկոսը։ Միայն անցած տարի «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում ունեցել են ավելի քան 3000 կամավոր անվարձահատույց դոնոր»,- նշեց բժիշկը։

Նրա խոսքով՝ մարդկանց շրջանում դեռևս տարածված են բազմաթիվ սխալ պատկերացումներ, որոնք խոչընդոտում են դոնորության զարգացմանը։

«Ամենատարածված միֆերից մեկն այն է, թե արյուն հանձնելը կարող է սովորություն առաջացնել, և մարդն այլևս չի կարողանա դադարեցնել դոնորությունը։ Սա իրականությանը չի համապատասխանում։ Կան նաև մարդիկ, որոնք պարզապես վախենում են ասեղներից կամ արյան տեսքից։ Հիմնական պատճառը տեղեկացվածության պակասն է»,- ասաց Դաբիկյանը։

Մասնագետը  նաև հերքեց տարածված այն կարծիքը, թե դաջվածք ունեցող անձինք չեն կարող արյան դոնոր դառնալ։

«Դաջվածքը հակացուցում չէ։ Պարզապես անհրաժեշտ է սպասել երեք ամիս, որպեսզի հնարավոր վարակների առկայության դեպքում դրանք հնարավոր լինի հայտնաբերել լաբորատոր հետազոտություններով»,- ասաց նա։

Բժիշկ-փոխներարկաբանի խոսքով՝ որոշ հիվանդություններ կարող են սահմանափակել դոնորությունը։

«Սրտանոթային հիվանդություններ ունեցող, ինֆարկտ կամ ինսուլտ տարած, ինչպես նաև դիաբետ ունեցող անձինք սովորաբար չեն կարող դոնոր դառնալ, քանի որ դա կարող է վնասել հենց իրենց առողջությանը։ Մեր առաջնահերթությունը դոնորի անվտանգությունն է»,- ընդգծեց մասնագետը։

Խոսելով արյունատվության անվտանգության մասին՝ մասնագետը վստահեցրեց, որ առողջ մարդու համար գործընթացը լիովին անվտանգ է: Նա նաև կարևորեց դպրոցներում և բուհերում իրականացվող իրազեկման ծրագրերը՝ ընդգծելով, որ դեռ վաղ տարիքից երիտասարդները պետք է տեղեկացված լինեն դոնորության կարևորության և անվտանգության մասին։

Անդրադառնալով դոնոր դառնալու պայմաններին՝ բժիշկը նշեց, որ արյան դոնոր կարող են դառնալ 18 տարին լրացած առողջ քաղաքացիները։

«Տղամարդիկ կարող են տարեկան մինչև հինգ անգամ արյուն հանձնել, կանայք՝ մինչև չորս անգամ։ Դա լիովին անվտանգ գործընթաց է։ Դոնոր դառնալու համար այլ լրացուցիչ պատճառներ այլևս պետք չեն, երբ գիտակցում ես, որ քո նվիրաբերած արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք»,- եզրափակեց բժիշկ-փոխներարկաբանը։

Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում