2 րոպեի ընթերցում
Podcast- ի շրջանակում «Արմենպրես»-ի տաղավարում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների «ՖԱՍԹ» հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանն անդրադարձել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի յուրահատկություններին և դասավանդման մեթոդաբանությանը։

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրը վերոհիշյալ հիմնադրամի ռազմավարական ծրագիրն է՝ կոչված ձևավորելու ոլորտում ապագա նորարարի կրթական ուղին՝ սկսած ավագ դպրոցից։
Ծրագիրը եռամյա է՝ նախատեսված մաթեմատիկայով, ԱԲ-ով ու տեխնոլոգիական մասնագիտություններով հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների համար։Այն թույլ է տալիս 10-րդ դասարանից սկսած՝ որպես դպրոցական առարկա, անվճար սովորել աշխարհի ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը՝ արհեստական բանականությունը և զարգացնել 21-րդ դարի ամենապահանջված հմտությունները։
Ծրագիրն իրականացնում է «ՖԱՍԹ»-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։ Այն ձևավորում է Արհեստական բանականության կրթության ազգային մոդելը՝ դարձնելով Հայաստանն աշխարհի առաջին երկրներից մեկը՝ Չինաստանի ու ԱՄՆ-ի կողքին, որ ներդնում է Արհեստական բանականության կրթությունը դպրոցական մակադրակում։

Մեկնարկելով 2023-ին 15 ավագ դպրոցներում՝ ԱԲ սերունդը հասանելի է դարձել ՀՀ բոլոր մարզերի 41 ավագ դպրոցներում։ 2026-2027 ուստարում ԱԲ դասարաններ են ձևավորվել 32 ավագ դպրոցներում՝ աշակերտների թիվը հասցնելով 910-ի։
Ծրագրի բովանդակությունը ոչ մի միջազգային ծրագրի կրկնօրինակում չէ, այլ մշակված է Հայաստանի, ԱՄՆ-ի, Լիբանանի ու այլ երկրների առաջատար փորձագետների կողմից։ Զուգահեռ, մշակվող բոլոր նյութերը համադրվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու համաշխարհային այլ կառույցների չափանիշների հետ և համապատասխանեցված են ՀՀ կրթական նոր չափորոշչին։
