Տնտեսություն

Երևանում կայանալիք «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»-ը մեծապես կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը

3 րոպեի ընթերցում

Podcast-ի շրջանակում «Արմենպրես»-ի տաղավարում Հայաստանի՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանն անդրադարձել է հոկտեմբերի 5-6-ը Երևանում առաջին անգան կայանալիք «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»-ի նախապատրաստական աշխատանքներին, բովանդակությանը, ձևաչափային քննարկումներին և ակնկալիքներին։

Համաժողովի նպատակը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդումն ու զարգացումն է։

Հոկտեմբերի 5-ին համաժողովի մեկնարկը կազդարարվի Գալա համերգով,  հիմնական բիզնես  ծրագիրը կանցկացվի  հոկտեմբերի 6-ին։

Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Enterprise Armenia-ի, ինչպես նաև Բրիտանա-հայկական առևտրային պալատի հետ գործընկերությամբ։

Այս համաժողովը տեղի է ունենում այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումային, առևտրային և նորարարական նախաձեռնությունների ռազմավարական ուղղություն։ Եվրոպական միության հետ խորացող համագործակցության և TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության համատեքստում Հայաստանը ևս մեկ քայլ է կատարում՝ իր դերը հաստատելու որպես Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Ասիան կապող զարգացող հանգույց, և ստեղծում կայուն ու երկարաժամկետ աճի շուկաներ պահանջող ներդրումների նոր հնարավորություններ։

«Հայաստան–Միցյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից, 25-ից ավելի բանախոս և 10-ից ավելի ինստիտուցիոնալ գործընկերներ։ Մասնակիցները կներկայացնեն պետական կառավարման, ֆինանսների, ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների և էներգետիկայի, արհեստական բանականության, կրթության և մշակույթի ոլորտները։

Համաժողովը մեկ հարթակում կհամախմբի պետական գերատեսչությունների և բիզնեսի ղեկավարների, ներդրողների, նորարարների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների՝ խթանելու երկխոսությունը, ձևավորելու ռազմավարական գործընկերություններ և բացահայտելու հայ-բրիտանական համագործակցության նոր հնարավորությունները։

Համաժողովը կեզրափակվի Armenian–British Bridge Builder Award մրցանակի շնորհմամբ։

Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 7–8-ին, Միացյալ Թագավորությունից ընտրված պատվիրակները և նրանց հայ գործընկերները կմասնակցեն ոլորտային B2B և B2G հանդիպումների՝ շարունակելու մասնագիտական քննարկումներն ու ձևավորելու երկարաժամկետ առևտրային գործընկերություններ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում