Հայաստան

Ֆինանսական ոլորտի ապագան կառուցվում է տվյալների, տեխնոլոգիաների և ճիշտ որոշումների հատման կետում

6 րոպեի ընթերցում

Ֆինանսական ոլորտի ապագան կառուցվում է տվյալների, տեխնոլոգիաների և ճիշտ որոշումների հատման կետում

Ֆինանսական ծառայությունների ապագան այլևս միայն նոր տեխնոլոգիաների ներդրման մասին չէ։ Այն առաջին հերթին կազմակերպությունների՝ փոփոխվող միջավայրում ճիշտ հարցեր տալու, տվյալները հասկանալու և դրանց հիման վրա հիմնավորված որոշումներ կայացնելու կարողության մասին է։

Այս միտքը առանցքային էր օրերս Դիլիջանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված «Բիզնես վերլուծությունը ֆինանսական ծառայությունների ապագայի համար» համաժողովի ընթացքում։ Միջոցառումը համախմբել էր շուրջ 130 մասնագետի՝ 37 կազմակերպությունից՝ բանկային, ֆինանսական, տեխնոլոգիական և պետական հատվածներից, ինչպես նաև միջազգային փորձագետների։ Միջոցառման կազմակերպիչներն էին IIBA Armenia Chapter-ն և ՀՀ Կենտրոնական բանկը: Ամերիաբանկը միացել էր միջոցառմանը որպես հովանավոր:

Երկօրյա քննարկումների առանցքում ֆինանսական համակարգի զարգացման մի շարք կարևոր ուղղություններ էին՝ բաց ֆինանսներ, արհեստական բանականություն, տվյալների կառավարում, ֆինանսական ծառայությունների կարգավորում և հաճախորդակենտրոն լուծումների զարգացում։

Բաց ֆինանսներ․ նոր հնարավորություններ՝ նոր պատասխանատվությամբ

Բաց ֆինանսների զարգացումը փոխում է ֆինանսական ծառայությունների տրամաբանությունը՝ հաճախորդին ավելի մեծ վերահսկողություն տալով սեփական ֆինանսական տվյալների հասանելիության և փոխանակման նկատմամբ։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ ֆինտեխ ընկերությունների համար՝ խթանելով մրցակցությունը, համագործակցությունն ու նոր ծառայությունների ստեղծումը։

Սակայն տվյալների հասանելիությունն ինքնին բավարար չէ։ Կարևոր է հասկանալ՝ ինչ նպատակով են դրանք օգտագործվում, որքանով է այդ օգտագործումն իրավաչափ, ինչ ռիսկեր կարող են առաջանալ և ով է պատասխանատու դրանց կառավարման համար։

ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների խոսքում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում ֆինանսական էկոհամակարգի զարգացման հարցը։ Քննարկումներն ընդգծեցին, որ նորարարությունը պետք է դիտարկել ոչ միայն տեխնոլոգիական հնարավորությունների, այլև վստահության, կարգավորման և պատասխանատու կառավարման համատեքստում։

Արհեստական բանականությունը փոխում է գործիքները, բայց ոչ ճիշտ որոշման անհրաժեշտությունը

Ֆինանսական ծառայություններում արհեստական բանականության կիրառությունն արդեն դուրս է գալիս փորձարարական լուծումների շրջանակից։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում վճարային և քարտային գործառնություններում, հաճախորդների ներգրավման, ռիսկերի կառավարման և ծառայությունների անհատականացման ուղղություններով։

Այդուհանդերձ, տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնումը նոր հարցեր է առաջ բերում․ ինչպե՞ս գնահատել ԱԲ-ի առաջարկած լուծումները, ինչպե՞ս ապահովել տվյալների որակը, և ինչպե՞ս պահպանել մարդկային դատողության դերը որոշումների կայացման ընթացքում։

Այս հարցերին անդրադարձավ նաև «Վերաիմաստավորելով ֆինանսական ծառայությունները․ որտեղ է բիզնես վերլուծությունը տարբերություն ստեղծում» պանելային քննարկումը, որի մասնակիցներն էին Ամերիաբանկի Կառավարչական հաշվետվությունների և բիզնես վերլուծության բաժնի ղեկավար Արսեն Ասլիկյանը, Ինեկոբանկի Ոչ ֆինանսական ռիսկերի կառավարման ղեկավար Անուշ Աբազյանը և FinTech Armenia-ի նախագահ և գործադիր տնօրեն Ստեֆան Լուկասը: Մոդերատորը ՀՀ Կենտրոնական բանկի վճարային ծառայությունների և տվյալների կառավարման կենտրոնի ղեկավար Աշոտ Գաբրիելյանն էր:

Քննարկման առանցքում տեխնոլոգիական փոփոխությունների պայմաններում բիզնես վերլուծության արժեքն էր՝ կարգավորողի, ֆինանսական կազմակերպությունների և ֆինտեխ համայնքի տեսանկյունից։

Բիզնես վերլուծաբանը՝ ռազմավարության և իրական արդյունքի միջև

Ֆինանսական կազմակերպություններում բիզնես վերլուծության դերը վաղուց չի սահմանափակվում բիզնեսի պահանջները տեխնիկական առաջադրանքների վերածելով։ Այսօր մասնագետից ակնկալվում է հասկանալ խնդրի իրական պատճառը, գնահատել տարբեր լուծումների ազդեցությունը և ապահովել, որ ներդրված տեխնոլոգիան ծառայի հստակ բիզնես նպատակի։

Համաժողովի ընթացքում հնչած ելույթներից մեկում Ամերիաբանկի ՏՏ բիզնես վերլուծաբան Սոնա Բալայանը ներկայացրեց մի քանի բիզնես քեյսեր, որոնք ընդգծում էին բիզնես վերլուծաբանի դերն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը պրոդուկտի ստեղծման տարբեր փուլերում:

Ապագան պատկանում է արժեք ստեղծող լուծումներին

Համաժողովի գլխավոր ուղերձներից մեկն այն էր, որ ֆինանսական ծառայությունների ապագան ձևավորվելու է տեխնոլոգիաների, տվյալների և մարդկային փորձառության համադրությամբ։ Մրցակցային առավելություն կունենան այն կազմակերպությունները, որոնք կկարողանան ոչ միայն արագ ներդնել նոր գործիքներ, այլև ճիշտ սահմանել դրանց կիրառման նպատակը, գնահատել արդյունքները և պահպանել հաճախորդների վստահությունը։

Այս համատեքստում բիզնես վերլուծությունը դառնում է ոչ թե օժանդակ մասնագիտական գործառույթ, այլ ֆինանսական ոլորտի ռազմավարական զարգացման կարևոր բաղադրիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում