Մշակույթ

Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում

4 րոպեի ընթերցում

Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հանդիսատեսին, նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերը Հայաստանում դարձել են բարի ավանդույթ և սպասված իրադարձություն, որը հարստացնում է մեր երկրի կրթամշակութային կյանքը նոր գույներով ու գաղափարներով։

Նրա խոսքով՝ այս տարի ևս ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են բազմաբովանդակ միջոցառումներ և ծրագրեր, որոնք միտված էին նպաստելու ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է միլիոնավոր ֆրանսախոսների՝ տոնելու համերաշխության ու միասին ապրելու գաղափարը, կոտրելով կարծրատիպերը, հարստացնելով հասարակություններին բազմակարծությամբ, ավանդույթներով և առաջադեմ գաղափարներով: Ֆրանկոֆոնիան վճռորոշ դեր ունի խաղաղության խթանման և հակամարտությունների նվազեցման գործում՝ ընդգծելով մշակութային բազմազանության փոխադարձ հարգանքն ու գնահատումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: 

Նա նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղու­թյուններից է, և 2027 թվականին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը՝ ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների:

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ֆրանկոֆոն գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար. 

«Վստահ եմ, որ հետագայում նույնպես ֆրանկոֆոնիայի շրջա­նակում փոխհա­մագործակցությունը հագեցած կլինի նոր նախաձեռնու­թյուն­ներով, տարեցտարի կամրապնդվի ու կզարգանա»: 

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ընդգծելով, որ ֆրանկոֆոնիան Հայաստանում սոսկ մայրաքաղաքային իրադարձություն չէ, այլ ընդգրկում է նաև մարզերն ու համայնքները: 

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նպաստում են ֆրանկոֆոնիայի զարգացմանը Հայաստանում»,- ասել է դեսպանը՝ ֆրանկոֆոն միջոցառումներում ընդգծելով հատկապես աշակերտների ներգրավումը։

Համերգն անցկացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և «Institut français d’Arménie» կազմակերպության հետ համագործակցությամբ: Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը (Գերմանիա)։ 

Կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Էմանուել Շիմենտո (սոպրանո, Ֆրանսիա), Աշոտ Ղանթարջյան (բարիտոն, Հայաստան)։

Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մեկնարկել էր մարտի 14-ին Արտաշատում՝ «Մանուշյանական շաբաթ» ծրագրով՝ Միսաք Մանուշյանին նվիրված հայ-ֆրան­սիա­կան թատերական ներկայացմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում