Կրթություն

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

3 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտները 2026 թվականին երկու բրոնզե մեդալ են շահել, իսկ թիմային պայքարում 120 երկրի մեջ զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեր թիմի մասնակիցները ներկայացնում են Երևանի, Գյումրու և Վանաձորի պետական դպրոցները և ընտրվել են ներհայաստանյան փուլում 170 աշակերտից»,- գրել է Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարությունն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ մանրամասներ ներկայացնելով հայ աշակերտների գրանցած արդյունքների վերաբերյալ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։ 

Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը: 120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք  զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի թիմերին: Անհատական հաշվարկում Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը (Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվս երեք աշակերտ՝ Արտյոմ Հովհաննիսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան), Գուրգեն Բայբուրդյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան) և Դավիթ Ղազարյանը (Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց), ընդգրկվել են պատվավոր հիշատակումների թվում։

Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից): 

Հայաստանի թիմը ձևավորվել է երեք փուլից բաղկացած ազգային ընտրական գործընթացի արդյունքներով, որին շուրջ 170 աշակերտ է մասնակցել ՀՀ տարբեր տարբեր դպրոցներից։  Օլիմպիադայի 8 մասնակիցներից 6-ը հանդիսացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության  և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի աշակերտներ՝ արհեստական բանականություն ուսումնասիրելով ավագ դպրոցի իրենց եռամյա ուսումնառության ընթացքում։

Հայ դպրոցականները երկրորդ տարին անընդմեջ մասնակցում են ԱԲ միջազգային օլիմպիադային: Նախորդ տարի Պեկինում կայացած մրցույթում Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական պայքարում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում