Դպրոցի տգետ տնօրենները պետք է հեռացվեն աշխատանքից. Փաշինյան
4 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է աշակերտների առաջադիմության և գրագիտության մակարդակի վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած հետազոտությանը։
«Նախորդ օրը հետազոտություն հրապարակվեց՝ կապված աշակերտների առաջադիմության հետ։ Իհարկե, ես չեմ հասցրել նախարարի հետ քննարկել խնդիրը, որը կապված է մեր աշակերտների գրագիտության մակարդակի ստուգման հետ։ Հիմա որոշակի քննարկումներ են տեղի ունենում և քննադատություններ՝ հատկապես ընդդիմադիրների կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականից իրականացվում է 300 դպրոցի վերակառուցման ծրագիրը, որի ավարտից հետո կսկսվի ևս 300 դպրոցի ծրագիրը։ «300 դպրոցի ծրագիրն ավարտում ենք և սկսում ենք մյուս 300-ի ծրագիրը, և եթե դա էլ ավարտենք, գոնե ևս 300-450 դպրոցի կարիք լինելու է ՀՀ-ում։ Ոչ մեկը չի հարցնում՝ ինչու Հայաստանում 1000 դպրոցների կարիք կա։ Ինչպես կարող է 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինել»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է առերեսվել այդ փաստի հետ և արձանագրել, որ Հայաստանի դպրոցներում խնդիրներ կան։
«Մենք դպրոցներում պրոբլեմներ ունենք։ Մինչև այսօր մեր դպրոցներում տնօրեններ և ուսուցիչներ կան, որոնք այնպիսի գաղափարներ են դասավանդում, տգիտություն են դասավանդում։ Լավ է, որ այս թեման կա։ Ես ընտրություններից հետո նախարարի առաջ խնդիր եմ դրել, ասել եմ, որ այդ ամբողջ մասսային պետք է դուրս հանել դպրոցներից։ Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից, իսկ նրանք տասնյակներով են»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ կրթության ոլորտում միայն ենթակառուցվածքների փոփոխությունը բավարար չէ։ «Սրա համար եմ ասում, որ այս դահլիճում հեղափոխությունը բավարար չէ։ Տարիներով մեր դպրոցը անգիրի վրա է հիմնված։ Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել»,- նշել է վարչապետը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետազոտությունն անցկացվում է չորս տարին մեկ, իսկ Հայաստանի մասնակցությունը դրան կառավարության որոշմամբ է իրականացվել։ «Որպեսզի մենք ունենանք միջազգային համադրելի տվյալներ և ճիշտ պատկերացնենք մեր անելիքը, նախաձեռնել ենք այդ հետազոտությանը մասնակցելը։ Հետազոտությանը մասնակցել է 295 դպրոցի 7000 աշակերտ։ Մասնակիցների մեծ մասը 10-րդ դասարանցիներ են»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ հետազոտությանը մասնակցած աշակերտները սովորել են նախկին չափորոշիչներով։
Նախարարը նշել է, որ իրականացվող փոփոխությունները հնարավորություն կտան հաջորդ հետազոտության փուլում ավելի բարձր արդյունքներ արձանագրել։
«Այս բոլոր ուղղություններով աշխատանքները, որոնք իրականացնում ենք, թույլ են տալու մեզ, որ մենք հաջորդ շրջափուլին, որը 2029 թվականն է, ուրիշ արդյունքներ տեսնենք։ Շատ կարևոր է, որ եղած խնդիրներն էլ ճիշտ ախտորոշվեն»,- ասել է Անդրեասյանը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտության համաձայն՝ Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում։ Հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760 հազար 15-ամյա աշակերտ։