Բարձր տեխնոլոգիաներ

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը

3 րոպեի ընթերցում

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ֆրանսիական CEA-Leti կազմակերպության ներկայացուցիչներին՝ Տեխնոլոգիական ռազմավարական գործընկերության գծով գործադիր փոխնախագահ Միքայել Ճագասպանյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Ռաֆի Դերդերյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են CEA-Leti-ի հետ համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները՝ մասնավորապես կիսահաղորդչային արդյունաբերության, ինժեներիայի և կիսահաղորդչային հետազոտությունների ոլորտներում։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը։ Քննարկվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Երևանի պետական համալսարանների շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերի ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման երկարաժամկետ ծրագրերի զարգացման հնարավորությունները։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում գործող միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունների հետ CEA-Leti-ի համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Քննարկումների առանցքում են եղել տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացումը, IC design-ի, միկրոէլեկտրոնիկայի և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում համագործակցության խորացումը, արտադրական կարողությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական և գիտահետազոտական էկոհամակարգի հետագա խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցության հետագա քայլերի շուրջ։

CEA-Leti-ն Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է գիտական և արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում