Տեսանյութ

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

5 րոպեի ընթերցում

Սև ուրբաթը գալիս է նաև կառուցապատման ոլորտ. արդեն ավանդույթ դարձած TOON EXPO-ն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ գալիս է՝ հնարավորություն տալով ոլորտի մասնակիցներին և անշարժ գույք ձեռք բերելու հետաքրքրություն ունեցող այցելուներին հավաքվելու մեկ հարթակում։ Այցելուները կարող են ծանոթանալ տարբեր նախագծերի, համեմատել առաջարկները և ստանալ ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ խորհրդատվություն:

«Այս տարի բանկերի ակտիվությունն աննախադեպ է։ Ունենք մի շարք բանկեր, որոնք առաջին անգամ են միացել TOON EXPO-ին՝ սեփական նախաձեռնությամբ։ Սա ցույց է տալիս, որ շուկան զարգանում է իր բնականոն հունով, և անգամ միջամտելու անհրաժեշտություն չկա։ Թե՛ կառուցապատողները, թե՛ ռիելթորները և թե՛ բանկերը, տեսնելով շուկայի ակտիվությունը, ինքնուրույն որոշում են կայացնում մասնակցելու և միանալու ցուցահանդեսին»,- նշեց «Big Projects» ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը:

Խոսելով շուկայի առանձնահատկությունների մասին՝ Հարոյանը նշեց, որ TOON EXPO-ի մասնակից բոլոր կառուցապատողները ֆիլտրվում են, ինչպես նաև ժամանակի ընթացքում իրենք էլ են սկսում լավ ճանաչել և ավելի ճիշտ աշխատանք տանել, աջակցել ընկերությանը առավել կառուցողական և ներկայանալի լինելու համար:

TOON EXPO. Invest 2026 Vol. 2-ը նոյեմբերի 13–15-ը Երևանում կհամախմբի անշարժ գույքի և ներդրումային ոլորտի ավելի քան 100 ընկերության՝ ներկայացնելով բնակելի և ներդրումային անշարժ գույքի նախագծեր Հայաստանից և աշխարհի ավելի քան 10 երկրից։ 

«Այս տարի TOON EXPO-ին մասնակցելու համար գրանցված այցելուներ ունենք ավելի քան 60 երկրից։ Իհարկե նրանց մեծ մասը Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն են, սակայն նկատում ենք նաև օտարերկրացիների հետաքրքրության աճի միտում։ Տարբեր երկրներից մարդիկ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել անշարժ գույքի ոլորտում, այս պահին իրենց ընտրությունը կանգնեցնում են Հայաստանի վրա»,- ասաց «Big Projects» ընկերության համահիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը:

Մերիդիան Էքսպո կենտրոնում ենթակառուցվածքների փոփոխությամբ և բարելավմամբ պայմանավորված TOON EXPO-ն այս տարի կներկայանա ավելի ընդլայնված տաղավարներով:

Իսկ Տուն էքսպոն լիարժեք չէր լինի առանց գլխավոր հովանավորների, հիմնական և պաշտոնական գործընկերների, որոնց վստահության և ջանքերի շնորհիվ այն կարողացել է արդեն 8-րդ անգամ աննախադեպ իրարանցում ստեղծել շուկայում:

«Նորությունները շատ կլինեն։ Եթե փորձենք ամփոփ ներկայացնել, ապա պետք է նշեմ, որ «ML Mining»-ը, մասնակցելով նման ցուցահանդեսների և ընդլայնելով շփումների շրջանակը, ձգտում է նաև իր առաջարկներն առավելագույնս համապատասխանեցնել սպառողների պահանջներին»,-ասաց «ML Mining» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Վարդան Մարությանը:

Շուկայի աշխուժության, հետաքրքրության և միջազգայնացման մասին են խոսում թվերը, որոնք վերջին տարիներին կարելի է ասել կրկնապատկվել են:

«Եթե դիտարկենք գործարքների ընդհանուր թիվը, ապա 2025 թվականի հոկտեմբերի արդյունքներով ունեցել ենք 8571 գործարք, մինչդեռ 2026 թվականի հոկտեմբերի կանխատեսվող ցուցանիշը շուրջ 17 հազար 500 գործարք է։

TOON EXPO-ի ազդեցությունը շուկայի վրա նույնպես ակնհայտ է։ 2025 թվականի ապրիլին գրանցվել էր 570 գործարք, իսկ 2026 թվականի ապրիլին՝ 2153։ Հաշվի առնելով, որ ցուցահանդեսն ավարտվել էր մարտի վերջին, կարելի է ապրիլը համարել TOON EXPO-ից հետո գործարքների նոտարական վավերացման հիմնական ամիսը։ Այսպիսով՝ գործարքների թիվն աճել է գրեթե չորս անգամ։ Կարելի է ասել, որ TOON EXPO-ն էական ազդեցություն է ունեցել շուկայի ակտիվության վրա և նպաստել գործարքների իրականացման գործընթացի արագացմանը»,-ասաց «RED Invest Group» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Ցուցահանդեսի շրջանակում այցելուներին հասանելի կլինեն հատուկ առաջարկներ, մասնագիտական խորհրդատվություն և կառուցապատողների ու ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ անմիջական շփման հնարավորություններ։

Ցուցահանդեսը Մերիդիան Էքսպո Կենտրոնում բաց կլինի այցելուների համար նոյեմբերի 13-ից ժամը 11:00–21:00, մուտքը անվճար է, բայց պարտադիր գրանցումով:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում