Հայաստանը գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու է՝ անկախ գնից. Փաշինյան
4 րոպեի ընթերցում

Հայաստանը, անկախ բնական գազի գնի հնարավոր փոփոխությունից, շարունակելու է գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ եթե հնարավորություն լինի գազ ստանալ երկրորդ կամ երրորդ աղբյուրից, Հայաստանը գնալու է այդ ճանապարհով, իսկ TRIPP նախագծի շրջանակում հնարավոր գազամուղը կարող է նաև տարանցիկ եկամուտ ապահովել երկրին։
«Հայաստանում գազը էժան չէ։ Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով գազի հնարավոր թանկացման դեպքում քաղաքացիների վրա լրացուցիչ բեռի ազդեցության մասին հարցին։
Վարչապետը նաև ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն շահութաբեր ընկերություն է։
«Ուզում եմ ասել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է։ Այդ ընկերությունը մեծ շահույթներ է ստանում։ Եվ սա էլ է փաստ, որ մենք պետք է արձանագրենք»,-նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը ոչ միայն գազի, այլև մյուս ոլորտներում է առաջնորդվելու դիվերսիֆիկացման քաղաքականությամբ։
«Այդպիսի ոլորտ չկա, որ մենք չգնանք դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Չկա այդպիսի ոլորտ։ Եվ մեր քաղաքական որոշումն այն է, որ մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք։ Մնացածը ընթացիկ հարցեր են, և կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ»,-ասաց վարչապետը։
Անդրադառնալով հնարավոր թանկացման դեպքում կառավարության քայլերին՝ Փաշինյանը նշեց, որ որոշումները կախված կլինեն կոնկրետ իրավիճակից։
«Եթե նման իրավիճակներ լինեն՝ թանկացնելու, մենք էլ կնայենք, թե ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա անվճար է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանա։ Այնպես որ նորմալ ենք վերաբերվում, հանգիստ աշխատանքային մթնոլորտում պետք է և կարող ենք քննարկել»,-ասաց նա։
Վարչապետը շեշտեց, որ գազի գնի հետագա զարգացումներից անկախ կառավարությունը փորձելու է ընդլայնել մատակարարման հնարավորությունները։
«Մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից։ Թանկանա, չթանկանա, ինչ էլ լինի՝ մենք դիվերսիֆիկացնելու ենք։ Եթե լինելու է հնարավորություն երկրորդ տեղից բերել գազ, մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերել, գնալու ենք այդ ճանապարհով»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա այդ համատեքստում անդրադարձավ նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծին։
«Եթե կա հնարավորություն, որ TRIPP-ով գազամուղ անցնի Հայաստանով, որով մենք այդ թվում տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ։ Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր հնարավոր սցենարների դեպքում»,-եզրափակեց վարչապետը։
Գազի հնարավոր թանկացման թեման ակտիվացել էր այն բանից հետո, երբ սեպտեմբերի 8-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ գազի թանկացումը չպետք է «որպես աշխարհի վերջ» ներկայացնել և ասել էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է ավելի բարձր գնով գազ սպառել, իսկ քաղաքացիները «կունենան և՛ գազ, և՛ գազի փող»։