Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է
1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ավտոճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով 8 տուժած դիմել է մարզային բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ նշելով, որ տուժածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը։
«Ութ տուժած դիմել է բուժօգնության մարզային բժշկական կենտրոն։ Նրանց առողջական վիճակը բավարար է։ Անհրաժեշտ բուժօգնությունը ստացել են։ Նրանց մի մասը դուրս է գրվել, մյուս մասը առաջիկա ժամերին դուրս կգրվի։ Որևէ ծանր դեպք չունենք»,- ասաց նախարարության խոսնակը։
Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 8-ին ժամը 07։50-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին կողաշրջվել էր «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուս։ Դեպքի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կար 8 տուժած։