Մարզեր

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

2 րոպեի ընթերցում

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Գյումրու երկաթուղային կայարանի պատմական մասնաշենքում ազդարարվել է «ՀայՓաս» ընկերության սպասարկման նոր գրասենյակի գործունեության մեկնարկը։ Գրասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն։ Պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ողջունելով նախաձեռնությունը՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է նոր ծառայության մուտքը մարզ՝ ընդգծելով քաղաքացիների սպասարկման որակի ու մշակույթի բարձրացման նշանակությունը․

«Ուրախ ենք, որ «ՀայՓաս»-ն իր գործունեությունը սկսում է նաև մեր մարզում։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի մեր քաղաքացիների համար։ Շատ կարևոր է, որ փոխվում է ոչ միայն ծառայությունների մատուցման ձևաչափը, այլև սպասարկման որակի նկատմամբ մոտեցումը։ Քաղաքացին պետք է կարողանա անհրաժեշտ ծառայությունը ստանալ հարմարավետ, ժամանակակից պայմաններում։ Մեզ համար կարևոր է, որ նոր համակարգը խնայի մարդկանց ժամանակը, նվազեցնի ավելորդ բարդությունները և ձևավորի սպասարկման նոր մշակույթ։ Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նաև մի խորհրդանշական հանգամանք․ շատ ուրախ եմ, որ նոր կենսաչափական անձնագրում իր ուրույն տեղն ունի նաև Գյումրին։ Մեր քաղաքի պատմական միջավայրն ու մշակութային դիմագիծը ներկայացված են Հայաստանի պատմությունն ու ինքնությունն արտացոլող պատկերների շարքում։ Սա ևս մեկ առիթ է հպարտանալու մեր քաղաքով, նրա հարուստ ժառանգությամբ և այն կարևոր տեղով, որն ունի Հայաստանի ընդհանուր դիմանկարում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Դավիթ  Առուշանյանը։

Բացման արարողությունից հետո ներկաները շրջել են տարածքում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին, մատուցվող ծառայություններին և քաղաքացիների հարմարավետության համար ստեղծված պայմաններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում