Հայաստան

Վարչապետը զգուշացրել է նաև գործող իշխանության ներկայացուցիչներին հափշտակությունների համար պատասխանատվության մասին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը զգուշացրել է նաև գործող իշխանության ներկայացուցիչներին հափշտակությունների համար պատասխանատվության մասին

Ապօրինի գույքի վերադարձի գործընթացը վերաբերում է ոչ միայն նախկին, այլև գործող իշխանության ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ պետական միջոցների հափշտակության համար պատասխանատվությունը չպետք է կախված լինի անձի պաշտոնից կամ քաղաքական պատկանելությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի հարցին։

Միրզոյանը, արձագանքելով բանակում գողությունների վերաբերյալ վարչապետի նախորդ հայտարարություններին, նշել է, որ բանակին վնաս հասցրած անձինք պետք է պատասխանատվություն կրեն, եթե նրանց մեղավորությունը հաստատվի դատարանում։

«Անկախ իրենց սեռից, տարիքից և իրենց անցյալից՝ նրանք, ովքեր վնաս են տվել հայկական բանակին, և եթե դա պարզի դատարանը, ապա թող պատժվեն»,- ասել է պատգամավորը։

Փաշինյանն իր պատասխանում հնչեցրել է պետական միջոցների հափշտակության վերաբերյալ մեղադրանքներ, ապա ընդգծել, որ նույն մոտեցումը վերաբերում է նաև իր քաղաքական թիմին։

«Ես այս ամբիոնից ասել եմ, ուղիղ ասել եմ՝ ապօրինի գույքի վերադարձի գործընթացը միայն անցյալների մասին չէ, մեր մասին էլ է։ Ես ուղիղ կանգնել ասել եմ՝ մենք որ այդ գործողությունն անում ենք, միայն ձեր դեմ չենք անում»,- հայտարարել է վարչապետը։

Նա զգուշացրել է նաև գործող պետական համակարգում պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշելով, որ նրանց նկատմամբ ևս պետք է կիրառվի պատասխանատվության նույն սկզբունքը։

«Ժողովրդից գողացած ամեն կոպեկը կոկորդում է մնալու։ Ձեր իշխանությունից կլինի, մեր իշխանությունից կլինի՝ ով ուզում է լինի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտարարել է, որ պաշտոնը կամ որևէ գերատեսչությունում աշխատելը չի կարող պաշտպանություն լինել գողության համար պատասխանատվությունից, և իշխանությունը շարունակելու է ապօրինի ձեռք բերված միջոցները վերադարձնելու քաղաքականությունը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում