Իրավունք

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում, 1998 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթից անջատված մասի նախաքննության ընթացքում, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը պատշաճ չի կատարել Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, քննիչին քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում տալու դատախազի բացառիկ լիազորությունները, ինչի հետևանքով Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչը իր հերթին պաշտոնեական անփութության արդյունքում քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Ա.-ի առնչությունը Վահրամ Խորխոռու սպանությանը հաստատող մի շարք ապացույցների առկայության պայմաններում՝ 2000 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել Ս․Ա․-ի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ նույն քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Ս․Ա․-ի վերաբերյալ քննվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։

«Բացի այդ, դատախազական պատշաճ հսկողության պայմաններում նույն քրեական վարույթով քննիչը Վահրամ Խորխոռունու սպանությանը Հ․Ն.-ի մասնակցության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացրել, ինչի հետևանքով Հ․Ն․-ն տևական ժամանակ՝ շուրջ 25 տարի, չի ենթարկվել քրեական պատասխանատվության և միայն 2025 թվականի հուլիսի 31-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում»,-նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կառույցից հայտնում են, որ  վերոնշյալ փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանն իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

«Բ.Ն.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը): Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»-եզրափակվում է հաղորդագրությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում