Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «թաղման նպաստի» տրամադրման կարգում . գումարը կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը
2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է այսուհետ ոչ բոլոր խմբերին տրամադրել «թաղման նպաստ», փոխարենը հատկացվող գումարներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԲ նախարար Արսեն Թորոսյանը:
«Միշտ օդում կախված կար «թաղման նպաստի» հասցեականության հարցը, մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել կենսաթոշակառուներին՝ պահպանելով որոշակի խմբի համար, որոնք ավելի մեծ կարիք կունենան այդ ծախսերը հոգալու: Խոսքն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիներին է վերաբերում»,- ասաց Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը նշեց՝ փոփոխությունը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից: «Թաղման նպաստի» վերանայման արդյունքում խնայված միջոցներին կավելացվի ևս 5.5 մլրդ դրամ՝ կենսաթոշակները բարձրացնելու համար:
«Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 հազար դրամ է, կդառնա 47 հազար դրամ, աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա, կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը»,- նշեց նախարարը:
Գործող օրենքով՝ «Թաղման նպաստը» 200 հազար դրամ է, այն տրամադրվում է թոշակառուի կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում: