Հայաստան

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2 րոպեի ընթերցում

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրով տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որոնցից իրացվել է 4911-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին։

«Երկուշաբթի օրվա դրությամբ մենք ունենք տրամադրված 8563 սերտիֆիկատ, որից իրացվել է 4911-ը»,– ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ տրամադրված սերտիֆիկատների թիվն ամեն շաբաթ ավելանում է շուրջ հարյուրով։ Որպես օրինակ՝ նա ներկայացրեց սեպտեմբերի 28-ի տվյալները, երբ տրամադրված սերտիֆիկատների թիվը 8446 էր։

«Երկու թիվը՝ ստացած սերտիֆիկատները և իրացված սերտիֆիկատները, ամենօրյա ռեժիմով աճում են։ Մենք հույս ունենք, որ մեր բոլոր հայրենակիցները, ում ծրագրով հասնում է այս սերտիֆիկատը, կստանան և կիրացնեն այն»,– նշեց Թորոսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ ծրագրում փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով առաջարկներն ու իրականացման ընթացքը։ Դրանք ներառել են նաև սերտիֆիկատներով նախատեսվող աջակցության չափերի ավելացում։

Սինորյանի լրացուցիչ հարցին՝ բնակարանային ապահովման ծրագիրը ո՞ր մարզերում է հիմնականում իրականացվում, Թորոսյանը պատասխանեց, որ մարզերի և քաղաքների ընտրության սահմանափակումներ չկան, սակայն աջակցության չափերը տարբերվում են։

Նրա խոսքով՝ Երևանին հարակից համայնքներում աջակցության չափը 3 միլիոն դրամից բարձրացվել է 4 միլիոնի։ Հայաստանի բազմաթիվ համայնքներում այն կազմում է 4 միլիոն դրամ, իսկ սահմանամերձ համայնքներում՝ 5 միլիոն դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում