Հայաստան

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին կհատկացնի լրացուցիչ 500 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին կհատկացնի լրացուցիչ 500 միլիոն դրամ

Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հատկացնել լրացուցիչ 500 մլն դրամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրին դիմողների ակտիվությամբ։

«Ծրագրի դիմելիությունը բավական ակտիվ է»,- ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ ծրագրի համար այս տարի նախատեսված շուրջ 2,4 մլրդ դրամին անհրաժեշտ է ավելացնել ևս 500 մլն դրամ՝ մինչև տարեվերջ սպասվող դիմումների ֆինանսավորումն ապահովելու համար։

Նախագծի հիմնավորմամբ՝ լրացուցիչ միջոցները նախատեսվում են շուրջ 626 շահառուի աջակցության համար։ Դրանք կուղղվեն մարզում հիփոթեքի աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչներին։

Նախարարը տեղեկացրեց, որ 2020 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր արձանագրվել է ավելի քան 17 հազար աջակցություն՝ 13 միլիարդ դրամից ավելի ընդհանուր ծավալով։ Նա պարզաբանեց, որ այդ աջակցությունների մեջ կան նաև կրկնվող շահառուներ․ ընտանիքը կարող է աջակցություն ստանալ նաև հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ։

Թորոսյանի գնահատմամբ՝ նման դեպքերը վկայում են, որ ծրագիրն ազդեցություն ունի ընտանիքների՝ երեխա ունենալու որոշման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում