Տնտեսություն

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Շաքարի շուկայում ներմուծողների թիվն ավելացել է, սակայն մրցակցային իրավիճակի էական բարելավման մասին վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ է ավարտել ընթացիկ ուսումնասիրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտնել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցերին։

Ղազարյանն, անդրադառնալով շաքարի մենաշնորհը վերացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններին, հետաքրքրվել է՝ ինչպես է փոխվել այդ շուկայի կառուցվածքը։ Նա նաև խնդրել է ներկայացնել ապրանքային շուկայի օրինակ, որտեղ 2018 թվականից հետո վերացել է գերիշխող դիրքը կամ նվազել է կենտրոնացվածության բարձր աստիճանը։

Սարգսյանը հայտնել է, որ հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է շաքարի, ձեթի, կարագի, բրնձի, հնդկաձավարի և մի շարք այլ ապրանքների շուկաները՝ գնահատելով դրանց կառուցվածքի ու մրցակցային իրավիճակի փոփոխությունները։

«Տնտեսվարող սուբյեկտների թվաքանակը մեծացել է այս շուկայում, սակայն դեռևս չեմ կարող փաստել, որ մրցակցային իրավիճակն էապես բարելավվել է։ Թվաքանակի առումով կարող եմ նշել՝ ներմուծողների թիվն ավելացել է»,- ասել է նա՝ անդրադառնալով շաքարի շուկային։

Որպես մրցակցային փոփոխության օրինակ՝ Սարգսյանը ներկայացրել է կարագի ներմուծման և իրացման ոլորտը։ Նրա խոսքով՝ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս կենտրոնացվածության աստիճանի նվազում, սակայն թվային տվյալներ դեռ չի հրապարակում, քանի որ աշխատանքն ընթացքի մեջ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում