Քաղաքականություն

Սոնա Ղազարյանն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը համարել է առողջ քննադատություն և բանավեճի հիմք

3 րոպեի ընթերցում

Սոնա Ղազարյանն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը համարել է առողջ քննադատություն և բանավեճի հիմք

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ քննադատական հոդվածը կարող է հանրային բանավեճի հիմք դառնալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» խորագրով հոդվածին։

Նրա խոսքով՝ քաղաքական թիմում տարբեր դիրքորոշումների առկայությունը բնական է ժողովրդավարական միջավայրում։

Ղազարյանը նշել է, որ նախկին ԱԽ քարտուղարի դիրքորոշումն իր գործընկերների համար գաղտնիք չի եղել, և այդ հարցերի շուրջ նախկինում ևս քննարկումներ են ունեցել։

«Պարոն Գրիգորյանը ոչ միայն լավ գործընկեր է, նաև լավ ընկեր է։ Պարոն Գրիգորյանն իր հոդվածի հենց սկզբում նշել է, որ իր գործընկերները՝ մենք, ծանոթ ենք եղել իր դիրքորոշմանը»,– ասել է պատգամավորը։

Նա հոդվածը բնութագրել է որպես առողջ քննադատություն, որը կարող է բանավեճի հիմք դառնալ՝ ընդգծելով, որ Գրիգորյանին շարունակում է համարել վստահելի գործընկեր։

Ղազարյանը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, կարող են արտահայտել տարբերվող տեսակետներ։ Նրա գնահատմամբ՝ այդ հանգամանքն ինքնին չպետք է խնդիր առաջացնի։

Միաժամանակ պատգամավորը պաշտպանել է Հայաստանի որդեգրած եվրոպական ուղղությունը՝ կարևորելով քաղաքացիների նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված և ընդունված օրենքը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։

Ղազարյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին եվրոպական գործընկերները հստակ արձագանքել են Հայաստանի կարիքներին, իսկ հարաբերությունները զարգանում են ինստիտուցիոնալ հիմքի վրա։ Նա վարչապետի ներկայացրած՝ անդամակցության հայտի հեռանկարը համարել է ռացիոնալ դիրքորոշում։

Հարցին՝ Գրիգորյանի տարբեր դիրքորոշումը կարո՞ղ էր նրա պաշտոնից հեռանալու պատճառ լինել, Ղազարյանը պատասխանել է, որ այդ մասին առավել նպատակահարմար է հարցնել հենց Գրիգորյանին և վարչապետին։

Պատգամավորը շեշտել է, որ ինքն էլ տարբեր հարցերում ունեցել և ներկայացրել է թիմի մյուս անդամներից տարբերվող տեսակետներ։

«Ես ողջունում եմ այլակարծությունը մեր թիմում և կարծում եմ, որ առանց այլակարծության մենք շատ վատ տեղում կհայտնվենք»,– ասել է Ղազարյանը՝ դա կարևորելով նաև կուսակցության զարգացման տեսանկյունից։

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 11-ին հրապարակված «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Հայաստանի անդամակցության հեռանկարը գնահատել էր որպես անիրատեսական՝ մտահոգություն հայտնելով, որ այդ նպատակին ուղղված քայլերը կարող են խորացնել կախվածությունը Ռուսաստանից։ Նա առաջարկել էր եվրոպական գործընկերների հետ համագործակցությունը խորացնել՝ առանց անդամակցությունն արտաքին քաղաքականության նպատակ դարձնելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում