Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
6 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, «Արարատ-Արմենիա» ակումբի մարզչական շտաբի անդամ Գևորգ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Ղազարյանը տեսաուղերձ է հղել՝ արձագանքելով երկրպագուական մի շարք շարժումների՝ ավելի վաղ հրապարակած հայտարարությանը, որով վերջիններս ցանկություն էին հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իրեն տեսնելու վերաբերյալ։
«Սիրելի ֆուտբոլասերներ, վերջին օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա նախագահական ընտրությունների և իմ հնարավոր թեկնածության շուրջ ծավալված քննարկումների կապակցությամբ ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը։
Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր վստահություն են հայտնել ինձ ու առաջադրել իմ թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում։
Մինչ այժմ չեմ շտապել հրապարակային հայտարարությամբ հանդես գալ, քանի որ ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ, խոսքը հայկական ֆուտբոլի ապագայի և մեծ պատասխանատվության մասին է։ Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում, տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եմ եկել հայկական և արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր և ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրներն ու հնարավորությունները։ Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլն ունի շատ ավելի մեծ ներուժ, քան այսօր կարողանում ենք իրացնել։
Մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում և երկարաժամկետ զարգացման ծրագիր։ Առաջնահերթությունները պետք է լինեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքները, ակումբների հետ արդյունավետ համագործակցությունը և ազգային հավաքականների մրցունակության բարձրացումը;
Միաժամանակ, ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին նախորդող ամբողջ գործընթացը, ինչպես նաև բուն ընտրություններն անցկացվեն արդար և թափանցիկ պայմաններում՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար։
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իմ թեկնածությունն առաջադրելը ինքնանպատակ չէ և չի կարող լինել։ Ինձ համար կարևոր է, որ իմ մասնակցությունը լինի գիտակցված, հիմնավորված և ընկալելի ոչ միայն ինձ աջակցող երկրպագուների, այլև ֆուտբոլային հանրության լայն շրջանակների համար։
Ցանկացած թեկնածություն պետք է գնահատվի առաջին հերթին ներկայացվող գաղափարներով, զարգացման ծրագրով և դրա իրագործելիությանը, մասնագիտական կարողություններով և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ։
Ես պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման գործում, մասնակցել մասնագիտական քննարկումներին և ներկայացնել իմ պատկերացումները հնարավոր լուծումների վերաբերյալ։ Չեմ կարծում, որ մեկ մարդը կարող է լուծել տարիներով կուտակված բոլոր խնդիրները։ Մեզ անհրաժեշտ է համախմբել ֆուտբոլային հանրության կարող ուժերին, ձևավորել մասնագիտական թիմ և հետևողական աշխատանքով հասնել իրական, չափելի փոփոխությունների։ Մեր նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես նոր նախագահի ընտրությունը, այլ այնպիսի կառավարման համակարգի ձևավորումը, որը կվայելի ֆուտբոլային հանրության վստահությունը և իրական հնարավորություններ կստեղծի հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Կոչ եմ անում հայկական ֆուտբոլի բոլոր սերունդների ներկայացուցիչներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբներին, ոլորտի մասնագետներին և բոլոր սրտացավ մարդկանց միանալ այս նախաձեռնությանը՝ անկախ նախկին տարաձայնություններից և տարբեր մոտեցումներից։ Մենք ունենք շատ ավելի կարևոր ընդհանուր նպատակ՝ հայկական ֆուտբոլը պատկանում է բոլորիս, և դրա ապագայի նկատմամբ պատասխանատվությունը նույնպես բոլորինս է։ Ընդունելով երկրպագուների առաջարկը՝ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին։ Սա մեկ մարդու ճանապարհ չէ, սա մեր ընդհանուր գործն է։ Միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի»,- հայտարարել է Գևորգ Ղազարյանը։
Հայկական ֆուտբոլի մի շարք երկրպագուական շարժումներ նոյեմբերի 6-ին հայտարարել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին։ Ղազարյանի թեկնածությունը առաջադրելու ցանկության մասին հայտարարել էին հետևյալ երկրպագուական շարժումները՝ FAF, RED EAGLES, ALFA FUN CLUB, SECTOR 1, BLACK PANTHERS, SOUTH WEST ULTRAS։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 12։00-ին մեկնարկելիք ՀՖՖ տարեկան 28-րդ հերթական ընտրական ժողովի շրջանակներում։ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն արդեն իսկ հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում։
Որպես ՀՖՖ նախագահի թեկնածու շրջանառվում է նաև ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆի անունը։ Ջորկաեֆի թեկնածությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։