Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը
2 րոպեի ընթերցում

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը, որի շրջանակում ՀՀ կառավարությունը և Նախագծերի կառավարման ինստիտուտը նշված ոլորտում համագործակցության զարգացման նպատակով ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Նախագծերի կառավարման ինստիտուտի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, զարգացման գծով գլխավոր տնօրեն Յոհաննես Հեյնլեինը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը նշել է, որ նախագծերի կառավարման ունակությունը էական նշանակություն ունի բարդ նախաձեռնությունների հաջող իրականացման համար։
«Այս հուշագիրը համագործակցության և գիտելիքի փոխանակման շրջանակ է ստեղծում, որը կնպաստի Հայաստանի հանրային հատվածում նախագծերի կառավարման շարունակական զարգացմանը», – ասել է Այդինյանը։
Նախագծերի կառավարման ինստիտուտի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, զարգացման գծով գլխավոր տնօրեն Յոհաննես Հեյնլեինը նշել է, որ նախագծերի կառավարմամբ՝ կազմակերպություններին հնարավորություն է տրվում իրենց ռազմավարությունը վերածել շոշափելի արդյունքների։
«Ուրախ ենք ՀՀ կառավարության հետ այս համագործակցությունը պաշտոնապես ամրագրելու և նախագծերի կառավարման ոլորտում գիտելիքի ու լավագույն փորձի փոխանակմանն աջակցելու համար», – ասել է Հեյնլեինը:
Հուշագիրը հնարավորություն է ստեղծում նաև Հայաստանի պետական կառույցներում նախագծերի կառավարման կարողությունների ամրապնդման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի բացահայտմանն ուղղված առավել լայն փոխգործակցության համար։