Իրան

Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած թռիչքային սահմանափակումները

4 րոպեի ընթերցում

Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած թռիչքային սահմանափակումները

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ կառավարության «անօրինական և անմարդկային» գործողություններն ու քայլերը` ուղղված այլ երկրների հետ Իրանի առևտրային և օդային տրանսպորտային կապերը խաթարելուն։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրաքը պետք է համապատասխան որոշումներ կայացնի՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական թռիչքները սահմանափակելու ջանքերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA  գործակալությունը։

«Նախարարությունն ընդգծում է, որ այս միջոցառումները ոչ միայն հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ երկրների ազգային ինքնիշխանության հարգման սկզբունքին, և խախտում են մարդու իրավունքների հիմնարար նորմերը, այլև ներկայացնում են վտանգավոր սխեմա, որը նպատակ ունի խաթարել երկրների, մասնավորապես՝ հարևան պետությունների միջև բարեկամական հարաբերությունները», - նշված է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ հաշվի առնելով իրանցի և իրաքցի ժողովուրդների միջև առկա խորը պատմական, կրոնական, մշակութային և միջանձնային կապերը, ինչպես նաև բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եղբայրական և բարիդրացիական հարաբերությունները՝ Իրանի ԱԳ նախարարությունը երկու երկրների միջև քաղաքացիական օդային հաղորդակցության նկատմամբ սահմանված սահմանափակումները համարում է կողմերի ընդհանուր շահերին և բարեկեցությանը հակասող քայլ։

«Երկու երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումները, բացի երկու երկրների հարյուր հազարավոր ուղևորների, ուխտավորների, հիվանդների, ուսանողների և տնտեսավարող սուբյեկտների համար լուրջ խնդիրներ ստեղծելուց, ակնհայտ հակասում են Իրանի և Իրաքի միջև առկա ռազմավարական հարաբերությունների բնույթին, որոնք հիմնված են բարիդրացիական կապերի վրա», - նշվում է հայտարարության մեջ։

«Հարգելով Իրաքի Հանրապետության ազգային ինքնիշխանությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնել՝ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը և պառակտում հրահրելու նրա գործողություններին դիմակայելուն, որպեսզի վերացվեն սահմանափակումները, և վերականգնվեն երկու երկրների ավիաընկերությունների իրականացրած թռիչքների բնականոն պայմանները՝ ի շահ երկու ժողովուրդների և ի բարօրություն նրանց», - հավելել է նախարարությունը։

Իրաքի ​​լրատվական գործակալության (INA) տվյալներով՝ սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան վերսկսվել են շիաների համար սուրբ համարվող իրաքյան Նաջաֆ քաղաքի և Իրանի միջև չվերթերը. գործակալությունը դա որակել է որպես վարչապետ Ալի ազ-Զայդիի ջանքերի արդյունք։

Իրանում Իրաքի դեսպանը հաստատել է, որ Նաջաֆի օդանավակայանը կրկին կբացվի իրանական չվերթերի համար։ Նա նշել է, որ Իրաքի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում Իրաքի և Իրանի միջև ավիահաղորդակցությունը վերսկսելու համար։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտոնությունը թույլ կտա Iraqi Airways-ին մեկ ամսով թռիչքներ կատարել Իրանի և Նաջաֆի միջև, որին կարող է հաջորդել ավելի մշտական ​​արտոնություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում