Հանրային կառավարման բարեփոխումների հայեցակարգային ձևակերպումներից դեպի իրականացում
13 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը հանրային կառավարման բարեփոխումների նոր շրջափուլ է բացում և բարձրացնում հավակնությունների նշաձողը։ Այս շրջափուլի հաջողությունը որոշվելու է ոչ թե բարեփոխումների ծավալով, այլ իրականացման որակով։ Այն կախված է լինելու Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության՝ հստակ նպատակներ, պատասխանատվություն, իրատեսական հաջորդականություն, համապատասխան մշակույթ և իրականացման գործուն կառուցակարգեր ապահովելու կարողությունից։ Դրա համար պետական համակարգը պետք է ունենա բարեփոխումները ծրագրավորելու, համակարգելու, իրականացնելու, գնահատելու և վերանայելու բավարար ինստիտուցիոնալ կարողություններ, մասնագիտական խորություն և ճկունություն։
Համակարգում առկա խնդիրներն արձանագրվել են միջազգային մշտադիտարկման աշխատություններում, այդ թվում՝ ՏՀԶԿ (SIGMA/OECD) 2025 թ. «Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման» զեկույցում։ Ազգային մակարդում ԱՊՐԻ Արմենիան ևս իրականացրել է «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները․ ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ» հետազոտությունը (2024 թ. սեպտեմբեր–2025 թ. փետրվար)։ Այն բացահայտում է հանրային կառավարման բարեփոխումների նախորդ շրջափուլը, քաղաքականությունների մշակման կառուցվածքային ու մշակութային խոչընդոտները՝ ներկայացնելով գործնական առաջարկներ։ Ըստ ԱՊՐԻ Արմենիայի՝ նախորդ շրջափուլի առանցքային խնդիրները կապված էին ոչ թե բարեփոխումների ուղղությունների սահմանման, այլ հստակ ղեկավարման, համակարգման, կարողությունների և իրականացման շարունակականության հարցերի հետ, որոնք համակարգորեն փոխկապակցված են։
Հետևաբար, առանցքային հարցն այն է, թե արդյոք նոր շրջափուլը հենց սկզբից կունենա ինստիտուցիոնալ և քաղաքական պատասխանատվության հստակ շրջանակներ, իրատեսական առաջնահերթություններ ու հաջորդականություն, ինչպես նաև իրականացման գործուն կառուցակարգեր։
Նոր ռազմավարություն և իրականացման ճարտարապետություն
Կառավարության նոր ծրագրում կառավարման արդյունավետության բարձրացումն ու ինստիտուտների զարգացումը դիտարկվում են ոչ թե որպես առանձին ոլորտային բարեփոխումներ, այլ որպես ամբողջ ծրագրի իրականացման նախապայմաններ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նախագծային կառավարման ներդրումը, որի նպատակը առանցքային բարեփոխումների ժամանակին և պատշաճ իրականացումն է։ Նախագծային կառավարումն արդյունավետ կարող է լինել միայն ընդգրկուն ռազմավարական կառավարման համակարգում, որում հստակեցված են պատասխանատվության գոտիները, առկա է միջգերատեսչական համակարգում, իսկ առաջնահերթությունների սահմանումը, արդյունքների չափումն ու խնդիրների լուծումը խարսխված են գործուն կառուցակարգերի վրա։ ԱՊՐԻ Արմենիայի ուսումնասիրությունն արձանագրել էր, որ նախորդ շրջափուլում պատասխանատվության մասնատվածությունն ու համակարգման ոչ բավարար հստակությունը սահմանափակում էին բարեփոխումների իրականացումը։ Այդ պատճառով անհրաժեշտ կլինի ամրապնդել բարձր մակարդակի քաղաքական համակարգումն ու Վարչապետի աշխատակազմում ապահովել իրականացման շարունակական համակարգող կարողություններ։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ունենալու բարեփոխումների նոր ռազմավարությունը, որի ինստիտուցիոնալ հիմքն են ՀՀ Կառավարության 2026 թ. հունվարի 8-ի «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը» և 2025 թ. սեպտեմբերի 18-ի ռազմավարական կառավարման հայեցակարգը։ Նոր մոդելը նախատեսում է վեց ոլորտային ռազմավարության ընդունում, որոնցից մեկը Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն է՝ ընդգրկելով քաղաքականությունների մշակման, տեղական ինքնակառավարման, հանրային ֆինանսների և ակտիվների, ծառայությունների ու վարչարարական գործառույթների, տվյալների կառավարման ու թվային փոխակերպման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման հարցերը։
Նոր ռազմավարությունը չպետք է վերածվի հավակնությունների և միջոցառումների հերթական ընդգրկուն փաստաթղթի, ինչը կարող է կրկին հանգեցնել նախորդ շրջափուլի խնդիրներին՝ պատասխանատվության մասնատվածություն, առաջնահերթությունների անհստակություն և արդյունքների փոխարեն գործողությունների կատարման վրա կենտրոնացում։ Ուստիև, հրամայական է և ԱՊՐԻ Արմենիայի փորձագիտական տեսանկյունից առաջարկվում է, որ նոր ռազմավարությունը ընկալվի և դիրքավորվի որպես «ապրող» փաստաթուղթ՝ ձևավորելով իրականացման հստակ ճարտարապետություն և ապահովելով կապը կարճաժամկետ գործողությունների ու երկարաժամկետ նպատակների միջև։ Սա նշանակում է հստակեցնել ոչ միայն նպատակները և ենթանպատակները, այլև՝ ով, երբ, ինչ ռեսուրսով և պատասխանատվությամբ է այն կյանքի կոչելու, ինչպես են համակարգվելու համապարփակ բարեփոխումները, ինչպես են արձանագրվելու շեղումները, և ինչ մեխանիզմներով է ապահովվելու դրանց ժամանակին շտկումը։ Այս մոտեցումը համահունչ է նաև միջազգային լավագույն մոտեցումների հետ, այդ թվում OECD/SIGMA-ի հանրային կառավարման սկզբունքներին, որոնք արդյունավետ բարեփոխումների նախապայման են համարում քաղաքական և վարչական մակարդակներում հստակ համակարգումը, բավարար ռեսուրսների ապահովումը, ինչպես նաև իրականացման և արդյունքների շարունակական մշտադիտարկումը։ Նման մոտեցման կիրառումը նաև կուժեղացնի պետական համակարգի կարողությունը՝ առավել հետևողականորեն իրականացնել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» (CEPA), Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգից և միջազգային, այդ թվում` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների ազգային ծրագրից բխող ստանձնված հանձնառությունները։ Այս տրամաբանությամբ ԱՊՐԻ Արմենիայի առաջիկա ոլորտային աշխատանքները ևս կենտրոնանալու են Կառավարության նոր ծրագրի 6-րդ բաժնի, մասնավորապես փաստահենք և արդյունավետ քաղաքականությունների, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարության իրականացման պատրաստվածության, մշտադիտարկման և արդյունքների անկախ փորձագիտական գնահատման գործնական մեխանիզմների վրա։
Ռազմավարությունը պետք է դիտարկել նաև որպես բարեփոխումների օրակարգի իրականացման գործիք և պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման միջոց։ Այս առումով առանցքային է բարեփոխումների ինստիտուցիոնալացումը՝ ապահովելով, որ նոր գործելակերպերն ու կարողությունները դառնան համակարգի կայուն մաս և կախված չլինեն առանձին պաշտոնյաներից կամ արտաքին աջակցությունից։ Այստեղ կարևոր է նաև ֆինանսական կայունությունը. անհրաժեշտ է աստիճանաբար մեծացնել այս ոլորտին պետական բյուջեից հատկացվող միջոցների չափերը։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է հետևողականորեն զարգացնել պետական մարմինների ներքին կարողությունները։ Այս տրամաբանությամբ անհրաժեշտ է, որ նաև փորձագիտական համայնքն աջակցի պետական մարմիններին և համատեղ աշխատանքներում փորձարկեն կարողությունների զարգացման նոր ձևաչափեր՝ կենտրոնանալով հանրային ոլորտում փաստահենք քաղաքականությունների, վերլուծական կարողությունների և նոր գործիքների կիրառման վրա։
Կառավարման մշակույթի և մասնակցային կառավարման նշանակությունը
Բարեփոխումների հաջողությունը կախված է նաև կառավարման մշակույթի փոփոխությունից։ ԱՊՐԻ Արմենիայի 2025 թ. ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ արդյունավետությանը խոչընդոտում են գործընթացների վրա կենտրոնացումը, քաղաքացիական ծառայողների սահմանափակ ներգրավվածությունն ու նրանց նկատմամբ վստահության պակասը, ինչպես նաև մասնակցության թույլ մշակույթը։ Հետևաբար, նոր ռազմավարությունը և մոտեցումն այս առումով պետք է հստակ լինի. արդյունքներին միտված կառավարման խթանումը, քաղաքացիական ծառայողների ավելի մեծ ներգրավումը խնդիրների ձևակերպման փուլում և մասնակցային մշակույթի զարգացումը պետք է դիտարկվեն ոչ թե որպես բարեփոխումների երկրորդական բաղադրիչներ, այլ որպես դրանց ինստիտուցիոնալ կայունության նախապայմաններ։ Սա պետական համակարգում դոմինոյի էֆեկտով կխթանի ավելի մեծ պատասխանատվություն ու նախաձեռնողականություն, կձևավորի համագործակցության ու մասնակցության նոր գործելակերպեր։
Կառավարության նոր ծրագիրը նախատեսում է քաղաքացիների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական համայնքի և մասնավոր հատվածի համակարգային մասնակցություն քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման փուլերում։ Մասնակցային կառավարման տեսանկյունից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը՝ E-Draft համակարգը, 2025 թ. սեպտեմբերի 22-ի ՀՀ Վարչապետի որոշումը՝ հասարակական խորհուրդների վերաբերյալ, և Վարչապետի աշխատակազմում Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության հիմնադրումը ապահովել են տեսանելի առաջընթաց։ Մասնակցային կառավարումը, այդուհանդերձ, չպետք է սահմանափակվի իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու ֆորմալ հնարավորությամբ։ Պետական մարմիններում անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել քաղաքացիական հասարակության և մասնագիտական շրջանակների հետ բաց ու կառուցողական աշխատանքի մշակույթը, որտեղ համագործակցությունը դառնում է քաղաքականությունների որակը բարելավելու գործիք։
Թվային կառավարում և ԱԲ. խնդիրը՝ տեխնոլոգիայից առաջ
Կառավարության ծրագիրը հավակնոտ է նաև թվային վերափոխման առումով։ «Զրո բյուրոկրատիա», «Թվային՝ ըստ նախագծման» և «Արհեստական բանականությունն առաջինը» սկզբունքները, տվյալների շտեմարանների ստանդարտացումն ու փոխկապակցումը, «տվյալը միայն մեկ անգամ» մոտեցումը և ԱԲ գործիքների կիրառումը վկայում են երկարաժամկետ թվային փոխակերպման օրակարգի առկայության մասին։
Կարևոր է, որպեսզի այս օրակարգը չդառնա սոսկ ինքնանպատակ կամ բարդ, անարդյունավետ գործընթացների մեխանիկական տեղափոխություն թվային միջավայր։ Այս իմաստով, նախ անհրաժեշտ է վերանայել, պարզեցնել և վերանախագծել հանրային ծառայությունների բիզնես գործընթացները, ապա ընտրել համապատասխան տեխնոլոգիական լուծումները։ Կարևոր է նաև ՀՀ Կառավարության համագործակցության խորացումը միջազգային գործընկերների, այդ թվում՝ հարուստ փորձ ունեցող Էստոնիայի պետական և փորձագիտական կառույցների հետ։ Նույն տրամաբանությունը վերաբերում է արհեստական բանականությանը։ Ելակետային հարցը պետք է լինի ոչ թե «որտե՞ղ կիրառել ԱԲ-ն», այլ «ո՞ր կառավարչական խնդիրն ենք փորձում լուծել և արդյոք ԱԲ-ն դրա լուծման ամենաարդյունավետ գործիքն է»։ Ծրագրով նախատեսվող իրավական, էթիկական և տեխնիկական կարգավորումները կարևոր հիմք են, սակայն հաջողությունը կախված կլինի պետական մարմիններում գործնական գիտելիքի և կարողությունների ձևավորումից ու կուտակումից։
Ամփոփելով՝ Կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը մեծապես բարձրացնում է Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումների հավակնությունների նշաձողը։ Հաջորդ փուլում անհրաժեշտ է համարժեքորեն բարձրացնել պետության՝ այդ հավակնությունները կյանքի կոչելու ինստիտուցիոնալ կարողությունները, դիմակայունությունը և կառավարման ճկունությունը։
Հեղինակ՝ Արմենակ Մինասյանց
ԱՊՐԻ Արմենիայի հանրային կառավարման բարեփոխումների գծով ավագ գիտաշխատող