Ռուսաստան

Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է բալիստիկ, հականավային, թևավոր, հակառադիոտեղորոշման հրթիռներ և 218 անօդաչու թռչող սարք։ Կիևի մարզում և մայրաքաղաք Կիևում գիշերը ռուսական հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

8 մարդ զոհվել է Կիևում, որոնցից 7-ն, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, երկաթուղու աշխատակիցներ են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ զոհվածներից մեկը Հնդկաստանի քաղաքացի է։

Վնասվել են նաև 16-հարկանի շենքի վերին հարկերը, հրդեհ է բռնկվել։ Կան տուժածներ։

Եվս 4 մարդ զոհվել է Կիև մարզի Բորիսպոլ քաղաքում, որտեղ հարվածի տակ են հայտնվել մեկ ձեռնարկություն և 5-հարկանի բնակելի շենք։

Կիևի և Կիևի մարզի դեմ զանգվածային հարձակումները շարունակվում են արդեն վեցերորդ օրը։

Օդեսայում էլ ռուսական հարվածներից 7 մարդ է վիրավորվել։ Հարվածի տակ է հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է Կիևում և Կիևի մարզում ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Օդեսայի մարզի նավահանգիստներին զանգվածային հարվածների մասին՝ հաստատելով հարվածը Կիևի լոկոմոտիվային դեպոյին։ Գերատեսչությունը նաև հայտնել է Ռումինիայի հետ սահմանին գտնվող Օռլովկայի սահմանային անցակետի և լաստանավային անցակետի վրա հարձակման մասին։

Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Ռուսաստանին։ Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ ՀՕՊ միջոցները խոցել են 516 ուկրաինական ԱԹՍ։ Բելգորոդի մարզում հրթիռային հարվածից 2 մարդ է վիրավորվել։ Սամարայում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը։ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստային գոտում հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում