Վերլուծություն

Վենեսուելայում տեղի ունեցածը միջազգային հարաբերությունների արդեն նախկին համակարգի խաթարման վառ ապացույցն է. Արմեն Պետրոսյան

7 րոպեի ընթերցում

Վենեսուելայում տեղի ունեցածը միջազգային հարաբերությունների արդեն նախկին համակարգի խաթարման վառ ապացույցն է. Արմեն Պետրոսյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանն անդրադարձել է Վենեսուելայում Միացյալ Նահանգների կողմից իրականացված հատուկ գործողության դրդապատճառներին՝ թեման դիտարկելով աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական զարգացումների համապատկերում։

Արմեն Պետրոսյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։  

Քաղաքական վերլուծաբանն այն կարծիքին է, որ Վենեսուելայում տեղի ունեցածը միջազգային իրավունքի և ընդհանրապես միջազգային հարաբերությունների արդեն նախկին համակարգի խաթարման կամ սահմանափակ գործունեության վառ ապացույցն է։    

«Մենք փաստացի մի քանի տարի ականատես ենք լինում մի շարք տարածաշրջաններում տարբեր դերակատարների կողմից իրենց շահերի առաջ մղման համար ձեռնարկվող ագրեսիվ ու նմանատիպ այլ գործողությունների, և գտնվում ենք այնպիսի պատմական իրավիճակում, երբ միջազգային իրավունքն ու միջազգային համակարգը չեն գործում, տարբեր դերակատարների միջև հարաբերությունները կարգավորող կառույցները մատնվել են անգործության։ Այն պետությունները, որոնք ունեն խնդիրներ լուծելու հնարավորություն, օգտվում են ստեղծված իրավիճակից՝ հասնելով իրենց նպատակին»,- ասաց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Վենեսուելայում Միացյալ Նահանգների կողմից իրագործված հատուկ գործողությունը, գուցե, ԱՄՆ-ի տեսանկյունից պայմանավորված է սեփական ազգային շահերով, սակայն մեծ հաշվով բացասաբար է ազդում միջազգային համակարգի վրա, աշխարհում խաղաղության և կայունության հաստատմանը միտված տարբեր ջանքերի վրա և կարող է պատճառ ու առիթ հանդիսանալ բազմաթիվ տարածաշրջաններում նոր կոնֆլիկտների կամ սառեցված հակամարտությունների վերսկսման համար։

«Վենեսուելայի և Միացյալ Նահանգների միջև խնդիրներ եղել են տևական ժամանակ ինչպես Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի, այնպես էլ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնավարման օրոք։ Տարբեր ժամանակահատվածներում ԱՄՆ-ն փորձել է քաղաքական ու հիբրիդային եղանակներով ազդել Վենեսուելայում ներքաղաքական գործընթացների վրա՝ փորձելով նպաստել իր շահերին համապատասխան իշխանության ձևավորմանը, ինչը չի ստացվել, բայցևայնպես նախկինում նման կտրուկ գործողության չի գնացել, որովհետև աշխարհաքաղաքական ու իրավական համապատասխան միջավայր չի եղել»,- նշեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի կարծիքով՝ այժմ միջազգային իրավիճակը նման քայլերի հնարավորություն ընձեռում է, ու թեև ԱՄՆ-ի հատուկ գործողությունը հակասում է միջազգային իրավունքին, սակայն դրանով հանդերձ՝ որոշակիորեն ընկալվում է ոչ միայն լատինամերիկյան տարածաշրջանում, այլև մեծ հաշվով ամբողջ աշխարհում։

«Փորձ է արվել խնդիրը լուծել ոչ թե դիվանագիտական միջոցներով, այլ ռազմաքաղաքական ճնշման եղանակով։ Այս պահին կա արտաքուստ կառավարելի թվացող իրավիճակ, բայց եթե մեծ ջանքեր չկիրառվեն Վենեսուելայի ներսում և հարևանությամբ գտնվող այլ երկրներում իրավիճակը կառավարելի պահելու համար, ապա տվյալ գործընթացը կարող է ունենալ շղթայական էֆեկտ՝ տարածվելով լատինամերիկյան այլ երկրներում»,- պարզաբանեց քաղաքական վերլուծաբանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս ամբողջ պատմության հիմքում, ըստ որոշ փորձագիտական շրջանակների, նաև աշխարհատնտեսական, մասնավորապես նավթային գործոնն է, ավելի ստույգ՝ Վենեսուելայի նավթային պաշարներին տիրանալու խնդիրը, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նավթը խնդրի երևացող կողմն է, սակայն չափազանց կարևոր նշանակություն ունի թմրանյութերի շրջանառության տարբեր ճանապարհների ու խողովակների կանխարգելումը, ինչն ԱՄՆ-ի տեսանկյունից առաջին հերթին ներքին անվտանգության խնդիր է։

«Նախորդ տարի առիթ ունեցել եմ Միացյալ Նահանգներում լինել և տարբեր քննարկումների ընթացքում, որպես երկրի ներքին անվտանգության առաջնային սպառնալիք, անընդհատ տարբեր փորձագետների կողմից շեշտադրվել է հենց թմրանյութերի շրջանառման խնդիրը, որի առանցքային ուղղությունների մեկը եղել է Վենեսուելայի խողովակը, ուստի կարծում եմ, որ նավթային գործոնի կողքին այդ հանգամանքը ևս պետք է հաշվի առնել։ Տնտեսականը մի կողմ, բայց առաջին պլանում, իհարկե, աշխարհաքաղաքական փաստարկն է, քանի որ լատինամերիկյան տարածաշրջանում Վենեսուելան և Կուբան տևական ժամանակ իրենց դիրքորոշումներով մշտապես խնդրահարույց հարաբերություններ են ունեցել ԱՄՆ-ի հետ՝ լինելով կարևոր գործընկերներ Միացյալ Նահանգների հակառակորդ տերությունների՝ ԽՍՀՄ-ի, իսկ հետո նաև Ռուսաստանի ու Չինաստանի համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ նավթային գործոնն ավելի շատ է շեշտադրվում, քանի որ մյուս կողմից էլ հաշվի է առնվում ԱՄՆ-ի ներկա վարչակազմի քաղաքականության հիմքում տնտեսական գործոնի ծանրակշիռ ազդեցությունը։  

«Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն առ այն, որ ամերիկյան ընկերությունները փորձելու են մուտք գործել Վենեսուելայի նավթային բիզնեսի ասպարեզ, իրենց հերթին տալիս են նման կանխատեսումների հիմք, բայցևայնպես դա  առաջնային գործոն չէ, էականն այստեղ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարն է»,- եզրափակեց Պետրոսյանը։    

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին ձերբակալել ու տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ-ի հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից հետո հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին՝ նշելով, որ Վենեսուելան 2 միլիարդ դոլարի նավթ կարտահանի Միացյալ Նահանգներ։  

Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում