Կոպենհագենն ու Նուուկն ինքնիշխանության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին հասանելիություն են տրամադրել դեպի Գրենլանդիա
2 րոպեի ընթերցում

Դանիայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել Դանիայի, Գրենլանդիայի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ նոր համաձայնագրին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Փաստաթուղթը, որը կոչված է լուծելու կղզու նկատմամբ Դոնալդ Թրամփի հավակնություններով պայմանավորված դիվանագիտական ճգնաժամը, թույլ է տալիս ԱՄՆ զինված ուժերին ընդլայնել իրենց ներկայությունն Արկտիկայում և հիմք է նախապատրաստում «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգի տեղակայման համար։
Դանիայի 179 տեղ ունեցող խորհրդարանում նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, առանց քննարկումների։ Նիստին ներկա բոլոր 109 պատգամավորները հավանություն են տվել փաստաթղթին։։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, համաձայնագիրը վավերացվել էր Գրենլանդիայի խորհրդարանի կողմից (16 կողմ, 7 ձեռնպահ, 0 դեմ)։ Դանիայի կողմից հաստատվելուց հետո համաձայնագիրն ուժի մեջ է մտնում և չի պահանջում վավերացում ԱՄՆ Սենատի կողմից։
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի կառավարության ղեկավար Ենս Ֆրեդերիկ Նիլսենի կողմից ստորագրված փաստաթուղթը թարմացնում է 1951 թվականի պաշտպանական հիմնարար համաձայնագիրը։