Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
3 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ՝ կիրառելով բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի և իշխանությունների հայտարարությունները։
Ըստ տեղի իշխանությունների՝ Լվովում հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ինը մարդ՝ վիրավորվել։
Կիևում բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Դնեպր գետի վրայով անցնող Պոդոլսկ-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Հարավային կամուրջներին, հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Եվս մեկ հարված է հասցվել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտի։ Նախնական տվյալներով՝ զոհվել է «Կիևվոդոկանալ» ընկերության երեք աշխատակից, հայտնել է քաղաքապետը՝ Կիևի բնակիչներին կոչ անելով չօգտվել ավտոմեքենաներից և հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի։
Կիևի մի մասը մնացել է առանց էլեկտրականության, իսկ քաղաքի մեկ այլ հատվածում գրանցվել են վթարային անջատումներ։
Խարկովում հիվանդանոցին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով չորս մարդ է տուժել, կոտրվել են ապակիներ, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել նաև բնակելի համալիր։
Պոլտավայում, իշխանությունների տվյալներով, հրթիռի բեկորներն ընկել են բնակելի թաղամասի հարևանությամբ՝ պատճառելով մասնակի ավերածություններ և վնասելով մոտակա տները։ Հարված է հասցվել նաև Կրեմենչուգի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությանը։
Կրիվոյ Ռոգում հարվածի տակ են հայտնվել բենզալցակայան և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Իշխանությունների հաղորդմամբ՝ հոսանքազրկվել են կաթսայատներ ու ջրամատակարարման համակարգի պոմպակայաններ։
Դնեպրոպետրովսկի մարզի Ժոլտիե Վոդի քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքի, հինգ մարդ վիրավորվել է։
Լվովի, Անդրկարպատյան և Իվանո-Ֆրանկիվսկի մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են։
Ռուսական կողմն էլ հայտնել է երկրի տարածաշրջաններում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում գիշերն ուկրաինական 310 ԱԹՍ խոցելու մասին։
Նոյեմբերի 19-ին Շենժենում Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր շաբաթվա ընթացքում Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածներին՝ նշելով, որ Մոսկվայի պատասխանը Կիևի համար ցավոտ է լինելու։