Աշխարհ

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանի Համակարգչային գիտությունների, արհեստական ​​բանականության և տեխնոլոգիաների ինստիտուտը (INSAIT) մեկնարկել է նոր հետազոտական ​​ծրագիր՝ նվիրված արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Կրթության և գիտության նախարարության մամուլի կենտրոնը։

Ծրագիրը ղեկավարելու է դոկտոր Ալեքսանդրինա Գոևան, որն ԱՄՆ-ում և Կանադայում աշխատելուց հետո վերադառնում է Սոֆիա։

Տորոնտոյի համալսարանում Գոևան հիմնել և ղեկավարել է սեփական հետազոտական ​​խումբը, որը մասնագիտացած է եղել մեքենայական ուսուցման և հաշվողական կենսաբանության ոլորտներում։ Մինչ այդ նա յոթ տարի աշխատել է Բրոդի ինստիտուտում։

Նոր հետազոտական ​​ծրագիրը միավորում է արհեստական ​​բանականությունը, մաթեմատիկան և կենսաբանությունը՝ ուսումնասիրելու այն փոփոխությունները, որոնք հիվանդություններն առաջացնում են մարդու բջիջներում։ Կրթության նախարարության տվյալներով՝ ծրագրի նպատակն է գտնել այդ փոփոխությունները վաղ փուլում հայտնաբերելու ուղիներ, ինչպես նաև նպաստել բջիջների՝ բնականոն գործունեության վերադառնալուն։

Հետազոտությունը կկենտրոնանա ԱԲ-ի՝ մեծ ծավալի կենսաբանական տվյալներ վերլուծելու և ավանդական մեթոդներով չբացահայտված օրինաչափությունները բացահայտելու ունակության վրա: Սա գիտնականներին հնարավորություն կտա կանխատեսելու, թե ինչպես են բջիջները արձագանքում տարբեր դեղամիջոցներին, և որոշելու, թե որ միացությունները կամ միացությունների համակցություններն ունեն ամենամեծ թերապևտիկ ներուժը: Նախարարությունը պարզաբանել է, որ հնարավոր համակցությունները գործնականում անսահմանափակ են, մինչդեռ դրանց միայն մի փոքր մասը կարող է փորձարկվել լաբորատոր պայմաններում:

Դոկտոր Գոևան նաև մեքենայական ուսուցման HiDDEN մեթոդի հեղինակն է։ Այս մեթոդը հնարավորություն է տվել բացահայտելու բջջային այնպիսի փոփոխություններ, որոնք նախկինում աննկատ էին մնացել, սակայն կապված են արյան քաղցկեղի զարգացման և արյուն-ուղեղային պատնեշի խանգարումների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում