«ԱԲ սերունդ». Հայաստանը համաշխարհային կրթական նորարարության առաջնագծում է
7 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության 7 մարզի 14 ավագ դպրոցներում հաջողությամբ ընթանում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը:
Ծրագիրը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ։ Ծրագիրն արդեն տվել է իր առաջին պտուղները. եռամյա կրթական ուղին հաղթահարած շրջանավարտները ստացել են իրենց ավարտական վկայականները։

Նախագծի առաջամարտիկներից է Գյումրիի Տնտեսագիտական վարժարանը, որտեղ ծրագիրն իրականացվում է արդեն երեք տարի։ Վարժարանի վեց շրջանավարտներ դարձել են «ԱԲ սերունդ»-ի առաջին ծիծեռնակները՝ մինչ վկայական ստանալը ներկայացնելով թիմային AI նախագծեր, որոնք փաստում են նրանց բարձր պատրաստվածության և ԱԲ գործիքներ ստեղծելու հմտությունների մասին։ Վարժարանում առարկան դասավանդվում է 10, 11 և 12 -րդ դասարաններում:
Վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Ռոզի Հավանջյանը, որն արդեն ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տվյալագիտություն» բաժին, «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ, որ ծրագիրն իր համար ոչ միայն գիտելիքի աղբյուր էր, այլև մասնագիտական կողմնորոշման հարթակ։

«Արհեստական բանականության թեմայով միշտ եմ հետաքրքրվել. հետաքրքիր էր, թե ինչպես է այն լուծումներ առաջարկում այս կամ այն հարցին։ Երեք տարի շարունակ ուսումնասիրելով խորացված մաթեմատիկա, Python լեզուն և ԱԲ հիմունքները՝ հասկացա, որ սա հենց այն ոլորտն է, որով ուզում եմ շարունակել ուղիս։ Այս ծրագրի շնորհիվ դու մեկ քայլ առաջ ես քո հասակակիցներից։ Հատկապես ինձ գրավում է այն, որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կարող ես մարդու առողջության ու կյանքի վրա դրական ազդելու լուծումներ առաջարկել և ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում»,-նշեց Ռոզին։
Նա արդեն հասցրել է աշխատել այնպիսի բարդ նախագծերի վրա, ինչպիսիք են քաղցկեղի տեսակի կանխագուշակումն ու օդի աղտոտվածությունը չափող ԱԲ մոդելը։ Ռոզան նաև կարևորում է էթիկայի կանոնները՝ շեշտելով, որ ԱԲ-ն պետք է դիտել որպես օգտակար գործիք, ոչ թե կյանքի իմաստ։ Նրա երազանքն է ԱԲ-ն ներդնել կրթության ոլորտում՝ թեթևացնելով ուսուցիչների բեռը և հնարավորություն տալով նրանց ավելի անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտի։

Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց, Ռոզին ընդգծում է ոչ միայն տեխնիկական հմտությունների, այլև էթիկական նորմերի պահպանման կարևորությունը: Ռոզին, որը պարբերաբար աջակցում է ընկերներին ու գործընկերներին պատկերների գեներացման կամ սահիկաշարերի պատրաստման հարցում, վստահ է՝ ԱԲ-ից օգտվելու մշակույթը պետք է հասանելի լինի բոլորին: «Արհեստական բանականությունը հմտություն է, որը ցանկացած մասնագետի անհրաժեշտ է: Այն պետք է դիտել որպես օգտակար գործիք, այլ ոչ թե կյանքի իմաստ»,-նշում է նա:

Ռոզին գոհունակությամբ փաստում է, որ վերջին շրջանում նկատվում է դրական միտում՝ ստեղծվում են ԱԲ հայալեզու գործիքներ, ինչը հնարավորություն է տալիս տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնել տեղական շուկայում և կրթական համակարգում: Ռոզին նպատակ ունի ոչ միայն ստեղծել նոր լուծումներ, այլև կիսվել սեփական փորձով: Նրա տեսլականի հիմքում ընկած է գիտելիքի փոխանցումը, որպեսզի ապագա մասնագետները ևս կարողանան տիրապետել ԱԲ-ի էթիկային և արդյունավետ կիրառմանը:
«ԱԲ սերունդ» կրթական ծրագրի համակարգող Արմինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ չնայած ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրությանը՝ ծրագրի մաս կազմելը հեշտ չէր: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) պահանջները բավականին բարդ են. հաշվի են առնվում ուսուցիչների մասնագիտական որակավորումն ու դպրոցների տեխնիկական հագեցվածությունը: «Մենք դիմել էինք ու խիստ ընտրություն անցել FAST հիմնադրամի կողմից: Նաև պարբերաբար վերապատրաստումներ ենք անցնում: Ամենաարագ զարգացող ոլորտն է, որի հետ պետք է համընթաց քայլել. եթե մի քանի օր չփորձես նոր գործիք գտնել, դրանց փոխարեն կլինեն այլ՝ ավելի կատարելագործված գործիքներ»,-նշում է Արմինե Հովհաննիսյանը:

Ծրագրի ուսումնական պլանն ուղարկվում է FAST հիմնադրամի կողմից, հաստատվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: Մասնակիցները, բացի պարտադիր առարկաներից, ուսումնասիրում են նաև մասնագիտական կողմնորոշում և «փափուկ» հմտություններ (soft skills):
Ծրագրի բարդության մասին են փաստում նաև թվերը. առաջին տարում վարժարանի ԱԲ դասարանում կար 12 աշակերտ, սակայն ընթացքային քննությունների արդյունքում ծրագրում մնացել են միայն վեցը: Սա ընդգծում է ծրագրի բարձր նշաձողը և միայն լավագույններին պատրաստելու հանձնառությունը:
Վարժարանում Python և թվային գրագիտություն դասավանդող Կարլեն Հովհաննիսյանը նկատում է, որ ԱԲ-ն հեշտացնում է ցանկացած աշխատանք։ Ըստ նրա՝ նախկինում տիրապետող այն կարծրատիպը, թե ծրագրավորումը միայն տղաների համար է, այլևս գոյություն չունի. աղջիկներն այսօր նույնպիսի հետաքրքրություն և հաջողություններ են գրանցում։
Վարժարանի տնօրեն Նառա Չախոյանը հպարտությամբ է փաստում, որ ծրագիրը դարձել է Հայաստանի այցեքարտը համաշխարհային կրթական քարտեզում։ Վարժարանի տնօրենն առանձնահատուկ կարևորեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության դերը՝ վստահեցնելով, որ սահմանված չափորոշիչների շնորհիվ ծրագիրը հաջողությամբ ներդրվեց ու կյանքի կոչվեց։

«Սա առաջին նախագծերից է, որ խորացված ԱԲ կրթությունը ներդնում է հանրակրթական դպրոցում։ Եթե երկու տարի առաջ ծնողները դժվարությամբ էին ընդունում դրա անհրաժեշտությունը, ապա այսօր աշակերտների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ քննությունների հիման վրա»,-նշեց տնօրենը՝ հավելելով, որ Կառավարության որոշմամբ վարժարանն արդեն ապահովված է 26 գերհզոր համակարգիչներով հագեցած լաբորատորիայով։
Հանրապետությունում «ԱԲ սերունդ» ծրագիրը շարունակում է ընդլայնվել։ 2025-2026 ուսումնական տարում նախատեսվում է ընդգրկել ավելի քան 23 ավագ դպրոց և շուրջ 800 աշակերտ։