Մարզեր

Մարտունիում տեղադրվել են քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները

2 րոպեի ընթերցում

Մարտունիում տեղադրվել են քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում իրենց մշտական տեղն են գտել տարիներ առաջ անցկացված քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները՝ Գարեգին Դավթյանի «Մինոտավրի սերը» և Սամվել Մարտիրոսյանի «Հրեշտակը» ստեղծագործությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քանդակագործության սիմպոզիումի կազմակերպիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ և քանդակագործ Արամայիս Խլղաթյանը, «Մինոտավրի սերը» քանդակը տեղադրվել է Մարտունու արվեստի դպրոցի բակում, իսկ «Հրեշտակը»՝ Աբովյան-Կամո փողոցների խաչմերուկի եռանկյունաձև հատվածում։

Քանդակների տեղադրման և բացման միջոցառումներին ներկա են եղել նաև ստեղծագործությունների հեղինակները։

«Տարիներ առաջ անցկացված քանդակագործության սիմպոզիումի շնորհիվ Մարտունի քաղաքը զարդարվեց բարձրարվեստ յոթ քանդակներով, որոնցից հինգը տեղադրվեցին քաղաքի տարբեր փողոցներում, իսկ Գարեգին Դավթյանի «Մինոտավրի սերը» և Սամվել Մարտիրոսյանի «Հրեշտակը» քանդակները մնացել էին թիվ 3 և 4 մանկապարտեզների բակային հատվածներում։

Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը մեր դիմումին դրականորեն արձագանքեց, ինչի արդյունքում այդ քանդակները համապատասխան որոշմամբ վերջապես գտան իրենց մշտական տեղերը։

Եկող տարի մտադրվել ենք անցկացնել քանդակագործության հերթական սիմպոզիումը, որի արդյունքում կփորձենք ստեղծել ևս յոթ բարձրարվեստ քանդակ՝ մեր քաղաքի տեսքին առանձնակի շուք հաղորդելու համար։ Մտադրվել ենք նաև սիմպոզիումի աշխատանքներին հրավիրել արտասահմանցի անվանի քանդակագործների՝ մեր ձեռնարկին և քաղաքին միջազգային հնչեղություն հաղորդելու նպատակով»,-նշել է Արամայիս Խլղաթյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում