Digitec 2026-ը կանցկացվի «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրի ներքո
3 րոպեի ընթերցում

Նոյեմբերին Հայաստանում նախատեսված Digitec 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն ուղեկցվելու է խոշոր համաժողովով, տարբեր այլ հանդիպումներով և քննարկումներով, այդ թվում՝ աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ի ասուլիսում հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը:
«Այս տարի լինելու է ավելի մեծ միջազգային համաժողով։ Նաև նախատեսված են տեխնիկական վարպետության դասեր ու տարբեր մակարդակի քննարկումներ: Այս տարի Digitec-ին հյուրընկալվելու է Open Top AI միջազգային համայնքը։ Դա անչափ որակյալ մասնագետների և ինժեներների համայնք է, որի ներկայացուցիչներին մի ամբողջ օր տրամադրելու ենք մեր սրահներից մեկը։ Ունենալու ենք նաև վարպետության դասեր և հատուկ թիրախային ելույթներ Open AI-ի, Mozilla-ի, NVIDIA-ի թիմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- տեղեկացրեց բանախոսը։

Լինելու է նաև ստարտափերի շատ մեծ ցուցահանդես, որը ներառելու է ստարտափերի արահետը: Ներկայացված է լինելու մոտ 70 ստարտափ։
Սպասվում են նաև B2B ձևաչափով հանդիպումներ տարբեր երկրներից ժամանած գործարարների և պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Այդ հատվածում կազմակերպիչները հատուկ հավելվածի միջոցով կարողանալու են նույնականացնել մասնակիցներին և արհեստական բանականության տարբեր գործիքների օգնությամբ փորձել նպաստել նրանց միջև կապերի հաստատմանը։
Ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև ռոբոտաշինության ազգային մրցույթը՝ շուրջ 400 երեխաների մասնակցությամբ։
Իսկ նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի ստեղծման 33-րդ տարեդարձի օրը մեծ բեմում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ կազմակերպվելու է պանելային քննարկում։
Նշվեց, որ Digitec-ում ակնկալվող 150 խոսնակներից շուրջ 80-ն արդեն հաստատել են մասնակցությունը։
Էդիտա Ղազարյանը հայտնեց նաև, որ արտերկրից ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն են հայտնել Ղազախստանի փոխվարչապետը, ինչպես նաև Վրաստանի, Ուզբեկստանի և Բուլղարիայի բարձր տեխնոլոգիական ոլորտի նախարարները։
«Հայաստանը դիրքավորում ենք որպես արհեստական բանականության ոլորտում տարածաշրջանի առաջատար երկիր, իսկ Digitec-ը՝ լավագույն միջոցառում»,- ասաց նա:
Նոյեմբերի 20-22-ը Երևանի «Մերիդիան» կենտրոնում կայանալիք Digitec 2026 միջազգային ցուցահանդեսը միավորելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետների, ձեռներեցների, ներդրողների և պետական հատվածի ներկայացուցիչների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Արաբական ծոցի երկրներից և Կենտրոնական Ասիայից։ Այն անցկացվելու է «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրի ներքո։