Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացան ցորենի ցանքերի դիմաց տրված պետական աջակցությունից օգտվել է 1385 շահառու
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2025 թվականի աշնանը հավաստագրված սերմերով կատարված աշնանացան ցորենի ցանքերի դիմաց տրված պետական աջակցությունից այս տարի օգտվել է 1385 շահառու։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2026 թվականին Գեղարքունիքի մարզում բերքի տակ է եղել 14651,6 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որից 8400 հեկտարը կատարվել է հավաստագրված սերմերով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրի շրջանակներում։
«Մեկ հեկտարի դիմաց տրամադրվող պետական աջակցությունը կազմել է 80 հազար դրամ, իսկ շահառուներին վճարված ընդհանուր գումարը՝ 672 միլիոն դրամ։ Գումարը շահառուներին վճարված է ամբողջությամբ»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանը։