Բարձր տեխնոլոգիաներ

Digitech 2026-ը հավակնում է լինել ավելի ներկայացուցչական և ընդգրկուն. Ալեքսանդր Եսայան

2 րոպեի ընթերցում

Digitech 2026-ը հավակնում է լինել ավելի ներկայացուցչական և ընդգրկուն. Ալեքսանդր Եսայան

Երևանում նոյեմբերի 20-22-ը կայանալիք Digitech 2026-ին լրացուցիչ կարևորություն և գրավչություն է հաղորդում համաշխարհային խոշոր ընկերություններից շատերի ղեկավարների ակնկալվող մասնակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 23-ի ասուլիսում նշեց Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը:

«Այս տարվա ցուցահանդեսն ավելի կարևոր է, որովհետև ակնկալվում է միջազգային շատ մեծ և խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցություն, ինչն, իհարկե, անչափ ոգևորում է: Նախորդ տարիներին նման քանակությամբ բարձրաստիճան հյուրեր չենք ունեցել: Ձգտում ենք Հայաստան հրավիրել լավագույն ընկերությունների ղեկավարներին, ինչը միջոցառման մասնակիցներին հնարավորություն կտա շփվել, կնքել նոր գործարքներ, ձևավորել նոր հնարավորություններ և ունենալ նոր մտահղացումներ»,- նշեց նա:

Ըստ Ալեքսանդր Եսայանի՝ NVIDIA-ի հովանավորությունը Digitech-ի նշանակալիության մակարդակը բարձրացնում է նոր աստիճանի:

«Մենք շատ ոգևորված ենք և անհամբերությամբ սպասում ենք մեկնարկին: Ուրախ կլինենք հայկական բոլոր ընկերությունների մասնակցության համար, քանզի Digitech-ն ընձեռելու է հնարավորություններ, որոնք պետք չէ բաց թողնել»,- եզրափակեց նա:

«Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրի ներքո արդեն 21-րդ անգամ անցկացվելիք միջոցառումը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների, ներդրողների և քաղաքականություն մշակողների՝ NVIDIA-ի, Firebird AI-ի և Krisp-ի գործընկերությամբ:

Ծրագրում ներառված են ավելի քան 100 կայացած ընկերությունների և 80 ստարտափների ցուցահանդեսային հատված, DigiHub («ինժեներները՝ ինժեներների համար») մասնագիտական սրահ, OpenTalks.AI միջազգային ձևաչափով քննարկումներ, B2B հանդիպումներ, BANA Angels-ի ներդրողների շրջայց և «ԱրմՌոբոտիքս» ինքնավար ռոբոտների առաջնություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում