Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին
2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության գույքի և սարքավորումների ցուցադրություն, որին մասնակցել են նաև մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվել են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեխնիկական միջոցներն ու սարքավորումները։
Միջոցառմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ։
Մարզի փրկարարներին ողջունել է մարզպետ Կարեն Սարգսյանը՝ բարձր գնահատելով նրանց ամենօրյա ծառայությունն ու արտակարգ իրավիճակներում գործելու պատրաստվածությունն ու արդյունավետությունը։
Կարեն Սարգսյանը փրկարարներին մաղթել է հաջողություններ և մի խումբ ծառայողների պարգևատրել Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով։
Մարզի մի խումբ փրկարարներ արժանացել են նաև Գավառ համայնքի ղեկավարի շնորհակալագրերին։ Պարգևները հանձնել է Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։
Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանը միջոցառման մասնակից դպրոցականներին ներկայացրել է փրկարար ծառայության տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, դրանց կիրառման հնարավորություններն ու իրականացվող գործողությունները։
Փրկարարները նաև ցուցադրել են առանձին վարժություններ՝ աշակերտներին ներկայացնելով ծառայության աշխատանքային գործընթացը։